1000 հարկատուների կառուցվածքում 676-ը մնացել են անփոփոխ

1000 հարկատուների կառուցվածքում 676-ը մնացել են անփոփոխ

ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանն անդրադարձել է 1000 խոշոր հարկատուների ցանկին։ Ստորև․

2024թ. հունվար-մարտին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է 387 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից ավելի է 6 մլրդ դրամով կամ շուրջ 2%-ով։

Հաշվետու ժամանակահատվածում 10 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 98 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 10%-ով։  Իսկ  100 խոշորագույնների վճարած հարկերի մեծությունը կազմել է 225 մլրդ դրամ, որը 13 մլրդ դրամով ավելի է 2023-ի առաջին եռամսյակի արդյունքից:

1000 հարկատուների ցանկում առաջին և վերջին 100-յակի ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի մեծության հարաբերակցությունը կազմել է 27 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ էականորեն ցածր է: Սա վկայում է կենտրոնացվածության աճի մասին: 1000 հարկատուների կառուցվածքում 676-ը մնացել են անփոփոխ։

2024թ. հունվար-մարտին 1000 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության 31,5%-ը կազմել են ուղղակի հարկերը: Նախորդ տարի այս ցուցանիշը 26,2% էր:

Ցանկի առաջին 100 ընկերությունների հարկային վճարումների ընդհանուր մեծության միայն 28,7%-ն են ուղղակի հարկերը, ինչը 6 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա մակարդակից: Սա նաև գրանցված աշխատողների ու դրանով պայմանավորված եկամտահարկի շարունակաբար ավելացման հետևանք է։

Հիսունյակի մեջ ներառված հարկատուների 2/3-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել է վճարած հարկերի մեծությունը, ընդ որում՝ դրանց կեսի դեպքում աճը գերազանցում է 1 մլրդ դրամը։ Նախորդ տարվա համեմատությամբ ամենամեծ ավելացում արձանագրած հարկատուների շարքում են՝ ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ՝ +14,6 մլրդ դրամ, ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ՝ +2,1 մլրդ դրամ, ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ՝ +1,5 մլրդ դրամ, ՅՈՒՆԻԲԱՆԿ՝ +1,5 մլրդ դրամ։

Երևանում գրանցված հարկատուների թիվը ցանկում ներառվածների 81%-ն է, ինչը նախորդ տարիների համեմատությամբ փոքր-ինչ նվազել է։ Մինչդեռ նրանց մասնաբաժինը վճարած հարկերի ընդհանուր ծավալում 2024-ին կազմել է 83%, ինչը նկատելիորեն բարձր է նախորդ տարվա մակարդակից: