Նոր իրավակարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

Նոր իրավակարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում:

«Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ ոչ: Եթե քաղաքացին չի վճարել տվյալ տարվա գույքահարկը, ապա, ըստ օրենքի համապատասխան ձեւակերպման, քաղաքացուն մենք ստիպում ենք, որ տվյալ տարվա գույքահարկը վճարի ամբողջությամբ», - նշել է նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորի խոսքով ժամանակին գույքահարկը տեխզննման գործընթացի հետ զուգորդելը գույքահարկը հավաքագրելու ապահովման գործիք է եղել:

Նախաձեռնության հեղինակների կարծիքով արդարացի կլինի, որ քաղաքացին վճարի այդ պահին առկա պարտավորությունը կամ նախորդ տարիների պարտքը: «Եթե քաղաքացու՝ գույքահարկը վճարելու ժամանակը մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է, եւ վերջինս հունվարին կամ փետրվարին մեքենան տանում է տեխզննման, ապա կարծում ենք, որ չպետք է քաղաքացուն ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը: Նոր կարգավորմամբ խոսքը կվերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորությունների կատարմանը:

Պատգամավորի խոսքով լինում են դեպքեր, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը ստիպված վճարում է տարվա սկզբին, սակայն հետագայում մեքենան օտարում է եւ անցնում տարբեր թղթաբանական գործընթացներ՝ ավելի վճարած գումարը վերադարձնելու համար: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ նախաձեռնությունը հեղինակները մշակել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

«Կառավարությունը նախագծի հիմքում դրված քաղաքականությունն ու տրամաբանությունը համարում է ընդունելի եւ նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի»,- ընդգծել է հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Փոխնախարարն առաջարկել է քննարկել այն կարգավորման հնարավորության հարցը, որով տեխզննության ժամանակ վճարվում է ոչ միայն նախորդ տարվա կամ տարիների գույքահարկը, այլ նաեւ մինչեւ տեխզննության ամսաթիվն ընթացիկ տարվա ավարտված ամիսների գույքահարկը: «Սա մի կողմից մասամբ կլուծի համայնքների ֆինանսական իրացվելիության հարցը, մյուս կողմից մենք սրանով կարգավորումը կմոտարկենք փոխադրամիջոցի օտարման դեպքում կիրառվող կարգավորմանը, ըստ որի՝ օտարելիս պետք է վճարվի մինչեւ սեփականության իրավունքի գրանցման օրը ներառող ամիսը՝ ներառյալ ժամանակահատվածի գույքահարկը»,- ասել է փոխնախարարը:

Կառավարությունը ներկայացրել է նաեւ խմբագրական առաջարկներ:

Բաբկեն Թունյանը, անդրադառնալով գույքահարկը յուրաքանչյուր ամիս վճարելու Կառավարության առաջարկին, նշել է, որ սկզբունքորեն դեմ չէ նման հնարավորության ընձեռնմանը, սակայն, ըստ նրա, դա պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով:

Պատգամավորն առաջարկել է այդ հարցը քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: