Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ռազմավարական կարեւորությունն ու ուսանողների հավաքագրման լուրջ խնդիրը

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ռազմավարական կարեւորությունն ու ուսանողների հավաքագրման լուրջ խնդիրը

Մասնագետների գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունն այս պահին ունի առնվազն 250 անասնաբույժի կարիք։ Անասնաբուծության ընդհանուր զարգացման համատեքստում մեծապես խնդրահարույց է նաեւ անասնաբույծ մասնագետների հաջորդ սերնդի համալրման գործը․․․

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը հաղորդակից է դարձնում արդիական գիտելիքներով զինված մասնագետների պատրաստման՝ ֆակուլտետի մեծ ներուժին, մասնագիտական աշխատաշուկայում մասնագետների հսկայական պահանջարկին եւ ուսանողների հավաքագրման լուրջ խնդրին։

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետը պատրաստում է բարձրակարգ անասնաբույժ, անասնաբույժ-փորձագետ եւ անասնաբույծ մասնագետներ՝ բակալավրի եւ մագիստրոսի որակավորումով, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի աշխատաշուկայում եւ աշխատում են բազմաթիվ ոլորտներում։

Անասնաբուժություն, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն

  • Այս ոլորտի հիմնախնդիրներն են՝ հիվանդ կենդանիների բուժումը, մարդկանց եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանումը, օտար պետություններից կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու նպատակով երկրի տարածքի պահպանումը: Խոշոր եւ մանր ֆերմերային տնտեսություններում, համայքներում այն ամենակարեւոր օղակն են «Մեկ առողջության» համակարգում, որն ինտեգրված, միավորող մոտեցում է, եւ նպատակն է մարդկանց, ընտանի եւ վայրի կենդանիների առողջության կայուն հավասարակշռումն ու լավարկումը: Զոոնոզ (մարդու եւ կենդանիների համար ընդհանուր) հիվանդությունների 60 %-ը եւ նոր առաջացող հիվանդությունների 75 %-ը բնականորեն մարդկանց են փոխանցվում թռչուններից, կենդանիներից եւ հոդվածոտանիներից։
  • Անասնաբույժ-փորձագետը լուծում է ազգային անվտանգության կարեւոր հարցեր՝ սպանդանոցներում, իրացման կետերում, հանրային սննդի ցանցերում, պետական եւ մասնավոր, սննդամթերքի եւ հիվանդությունների ռեֆերենս լաբորատորիաներում, կենդանական ծագման հումքի, մթերքի արտադրության եւ վերամշակման ձեռնարկություններում, դեղամիջոցների եւ անասնաբուժական միջոցների, կերերի եւ լրացակերերի արտադրության, տեղափոխման եւ իրացման ժամանակ, սահմանային հսկիչ կետերում` դրանց արտահանման եւ ներմուծման ժամանակ։
  • Պետական վերահսկողական եւ քաղաքականություն մշակող գերատեսչություններում` որպես տեսուչներ եւ մասնագետներ։
  • Գիտահետազոտական հիմնարկներում եւ կրթօջախներում` որպես գիտաշխատողներ եւ դասավանդողներ, զարգացնելով անասնաբուժական եւ կենսաբանական գիտությունը եւ պատրաստելով նոր մարդկային ռեսուրսներ նշված բնագավառի համար:

Սակայն ներկայումս «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում անասնաբուժական ծառայություն մատուցող շուրջ 510 անասնաբույժների 80 %-ի տարիքային շեմը գերազանցում է 60 տարին։ Յուրաքանչյուր տարի անասնաբույժների թիվը կրճատվում է, որի հետեւանքով համայնքներում դժվարանում է ծրագրերի շրջանակներում քարտեզագրել եւ կազմակերպել միջոցառումների իրականացումը, իսկ երիտասարդ մասնագետների համալրում չի իրականացվում։ Անգամ նոր ծրագիրը՝ կենդանիներ պատվաստողների (վակցինատորների) թողարկումը, որն ուղղված էր մեղմելու մարզերում պետական անասնաբուժական սպասարկման խնդիրը, ունի շատ բացեր։ Ոչ լիարժեք մասնագիտական գիտելիքներով եւ փորձով վակցինատորների ներգրավումը պատասխանատու գործընթացներին մեծ ռիսկ է պարունակում։ Առանց մասնագիտական գիտելիքների անհնար է դառնում դաշտային մակարդակում վերահսկել եւ հնարավորինս կանխել անուղղելի սխալները։

Անասնաբուծություն

  • Այսօրվա անասնաբույծի խնդիրը ոչ միայն կենդանիների բարձր մթերատվության ապահովումն է, այլ նաեւ հիվանդությունների նկատմամբ դրանց դիմադրողականության բարձրացումը, բարեկեցությունը, հաջող վերարտադրությունը, կլիմայական սթրեսներին դիմակայելու հատկությունը։ Այս պահանջները բավարարելու համար անասնաբույծը ավանդականից բացի դիմում է գենետիկայի եւ գենոմիկայի մեթոդների՝ կենդանիների որոշակի հատկություններ բարելավելու նպատակով։ Ներկա պահին արտասահմանից Հայաստան են ներկրվում տավարի եւ ոչխարի բարձրմթերատու ցեղերը, որոնք ունեն անասնաբույծ մասնագետի լուրջ հսկողության կարիք։ Դրանցից ծնված սերնդի մթերատու-տոհմային արժեքի գնահատականը գրագետ ձեւով կարող է տալ միայն որակավորում ունեցող անասնաբույծը։
  • Բացի բուծման, կերակրման, պահվածքի հարցերով զբաղվելուց, անասնաբույծը հանդիսանում է նաեւ նախրի կառավարիչ՝ իրականացնում է մթերատվության հաշվառման, կերարտադրության կազմակերպման, մթերքների ստացման, պահպանման եւ իրականացման գործառույթներ։

Այսօր ՀՀ-ն ունի անասնաբույծների մեծ պահանջարկ։ Ոչ բոլոր մարզերի մարզպետարանների գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություններն ունեն անասնաբույծ մասնագետներ։ 
Ներկայում, բացի բարձրագույն կրթությամբ ապահովելը, ֆակուլտետում իրականացվում են․

  •  «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շահառուների համար դասընթաց: Դասավանդողները անասնաբույժներ եւ անասնաբույծներ են։
  • Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց: Դասավանդում են անասնաբույժներ եւ անասնաբույժ-փորձագետներ։
  • «Կենդանիների վակցինատոր» մասնագիտացման ուսուցման ծրագիր: Դասավանդողներն անասնաբույժներ են։

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ողջ ազգի առողջությունն ուղղակիորեն կախված է կարեւորագույն ոլորտի՝ անասնաբուժության, սանիտարական փորձաքննության եւ անասնաբուծության մասնագիտութուններից։

Չնայած համալսարանի որակյալ պրոֆեսորադասախոսական ներուժին, արդիական եւ գերարդիական տեխնոլոգիաներով հագեցած Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի, համալսարանի կլինիկայի, դասախոսների եւ ուսանողների՝ արտերկրում վերապատրաստվելու եւ սովորելու հնարավորություններին՝ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուտետն, այնուամենայնիվ, չի համալրվում բավարար թվով ուսանողներով, որոնք հետագայում, ներդնելով իրենց մասնագիտական ներուժը ազգային եւ միջազգային հարթակներում, կապահովեն անասնահամաճարակային կայուն իրավիճակ։ Ընդ որում, ֆակուլտետում դասավանդողների միջին տարիքը 55 եւ բարձր է:

Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք վերանայել ֆակուլտետի ընդունելության ձեւը եւ խթանել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագետների՝ անասնաբույժների, անասնաբույծների եւ անասնաբույժ-փորձագետների պատրաստումը։ 
Դա կարելի է անել հետեւյալ կերպ․

  • Կրթության ոլորտում ուսանողներին որոշ արտոնություններով (դոտացիաներով) ապահովումը։
  • Ավարտելուց հետո արտոնություններից օգտված ուսանողներին իրենց համայնքներում ապահովել մասնագիտական աշխատանքով՝ նվազագույնը 4-5 տարի աշխատելու պարտավորությամբ։
  • Կրթօջախների մարզային մասնաճյուղերի պահպանում՝ հնարավորություն տալով հեռավոր մարզերի դիմորդներին մասնագիտություն ձեռք բերել։
  • Պրոֆեսորադասխոսական կազմի վերապատրաստման եւ միջազգային առաջատար անասնաբուժական եւ գյուղատնտեսական համալսարանների հետ համագործակցության ընդլայնում եւ խորացում։
  • Կրթօջախների, գիտական կառույցների եւ արտադրության ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն։

Արեւիկ Աբովյան
ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան
Անասնաբուժական գիտությունների թեկնածու