Լիազորող նորմի սահմանմամբ հնարավորություն կընձեռվի մատուցել պետական ծառայություններ համայնքներում

Լիազորող նորմի սահմանմամբ հնարավորություն կընձեռվի մատուցել պետական ծառայություններ համայնքներում

Դեռեւս 2016 թվականին հայտարարել ենք որպես քաղաքականություն, որ պետական որոշակի գործառույթներ կարող են մատուցվել ոչ միայն լիազոր մարմինների համապատասխան թվային հարթակների միջոցով, այլ կարելի է եւ պետք է օգտագործել թվային ավելի լայն հնարավորություններ, ինչը ծառայություններն ավելի հասանելի ու մատչելի կդարձնի բնակչության համար:

Ներկայումս մեծացվել է այդ հնարավորությունը եւ 75 բնակավայրում, որոնք ընդգրկված են 51 համայնքներում ունենք քաղաքացիների սպասարկման տեխնիկական եւ ծրագրային միջոցներով պատշաճ համալրված գրասենյակներ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ապրիլի 30-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ներկայացվող օրինագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից:

«Ցանկանում ենք այդ պետական ծառայությունները, որոնք սահմանված են Կառավարության համապատասխան որոշումով մատուցել նաեւ այդ բնակավայրերից: Կառավարությանն  անհրաժեշտ է լիազորող նորմ, որպեսզի կարողանանք համալրել համայնքների ցանկը: Սահմանելով լիազորող նորմ՝ կկարողանանք իրացնել լրացուցիչ հնարավորությունները եւ մատուցել այդ ծառայություններ համայնքներում»,- մանրամասնել է Վաչե Տերտերյանը:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը՝ խնդրելով կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին: