Քննարկվել է պարտապանի եւ պարտատիրոջ հարաբերություններում հավասարակշռություն առաջարկող նախաձեռնությունը

Քննարկվել է պարտապանի եւ պարտատիրոջ հարաբերություններում հավասարակշռություն առաջարկող նախաձեռնությունը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների նախատեսման, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Առաջարկվում է 200,000 դրամ եւ ավելի բռնագանձման պահանջով վարույթներով նախատեսել հնարավորություն պահանջատիրոջ համաձայնության դեպքում, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձում տարածել վերջինիս եկամուտների վրա, եթե չկան բռնագանձման ենթակա այլ դրամական միջոցներ, եւ պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար:

Օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: ԱԺ ապրիլի 30-ի նիստում այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Զեկուցողի խոսքով՝ չանտեսելով կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման կարեւորությունը՝ լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտպանության համար, քանի որ եկամուտների վրա բռնագանձում տարածելն արդեն իսկ հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար:

Նախագծով պարտապանի աշխատավարձի բռնագանձում տարածելուց հետո պարտապանին հասանելիք մասը պակաս չպետք է լինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, բացառությամբ ալիմենտի, առողջությանը, կերակրողի մահվամբ, հանցագործության պատճառված վնասները հատուցելու պարտավորությունների կատարման վարույթների, իսկ պարտապանի կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելուց հետո՝ Կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից:

Առաջարկվում է որպես սոցիալական լրացուցիչ երաշխիք՝ սահմանել, որ բռնագանձում չի կարող տարածվել այն գույքի վրա, որը Կառավարության որոշմամբ տրամադրվում է որպես աջակցություն կամ փոխհատուցում եւ Կառավարության նույն որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ: Օրենքի 62-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել 4-րդ մասով, ըստ որի՝ երեխայի տեսակցության եւ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանվում է Արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով նախագիծը նպատակ ունի հստակ բալանսավորել պարտապանի եւ պարտատիրոջ հարաբերությունները՝ պայմանավորված հարկադիր կատարման ծառայության գործողություններով: