ՀՀ չորս մարզերի գյուղական համայնքներում կօգտագործվի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժը

ՀՀ չորս մարզերի գյուղական համայնքներում կօգտագործվի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժը

Երևանում կայացավ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի պաշտոնական մեկնարկի պայմանագրի ստորագրման արարողությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն իր ելույթում նշեց, որ ծրագիրն առաջինն է ԳԴՀ-ի հետ երկկողմանի համագործակցության շրջանակում և խորհրդանշական է, որ նշված ոլորտում ՏԿԵ նախարարության հետ համատեղ առաջին խոշոր ծրագիրն իրականացվում է հենց Եվրամիության հետ։ 

«Ծրագիրն իր բովանդակությամբ կհամալրի ԵՄ-ի հետ հայտարարված մի շարք ուղղություններով համագործակցության ընթացքը, մասնավորապես կլիմայի փոփոխության հետ կապված համայնքային դիմադրողականության ավելացմանն ուղղված մեր ջանքերը։ Սա շատ կարևոր ուղղություն է՝ հաշվի առնելով ներկա ժամանակաշրջանի մարտահրավերները, երբ մեր ընթացիկ պրոբլեմներին ավելացել են ժամանակաշրջանին բնորոշ մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք բնույթով սոցիալական են և հումանիտար։ Այդ պարագայում մեր համայնքների դիմադրողականության բարձրացումն ավելորդ մեկնաբանության կամ գնահատման կարիք չունի։ Մենք ծրագրի վերաբերյալ ունեցել ենք քննարկումներ, հանդիպել ենք մի շարք առաքելությունների հետ, աշխատել ենք գերմանական կողմից Հայաստան գործուղված մասնագետների ու ԵՄ գործընկերների հետ։ Ծրագիրն իր բովանդակությամբ ամբողջովին համահունչ է տարածքային ու համայնքային զարգացման գաղափարախոսությանը»,- ասաց ՏԿԵ փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ծրագիրը կիրականացվի նաև շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ, որոնք կարող են իրենց մասնակցությունը բերել և՛ մասնագիտական, և՛ գործառնական առումով։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ աշխատանքներ կիրականացվեն ծրագրի օպերացիոն դիզայնի վրա, որպեսզի այն հնարավորինս շուտ գործարկվի ու դառնա հաջող համագործակցության ևս մեկ օրինակ։  

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության  և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանն իր խոսքում նշեց, որ ծրագրի միջոցով նախատեսվում է ներդնել էներգաարդյունավետ լուծումներ, ինչպիսիք են արևային էներգիայով աշխատող ջեռուցման սարքերը, նվազեցնելու էներգիայի սպառումը ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում և Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի  հասարակական շենքերում։

«Այս ծրագիրը շոշափելի շարունակությունն է այս ամսվա սկզբին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից ստանձնած պարտավորությունների և արտացոլում է ԵՄ-ի շարունակական նվիրվածությունը Հայաստանին և նրա ժողովրդին»,- ասաց Կուպմանը։

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպն իր հերթին նշեց, որ գերմանական կողմը հպարտ է համագործակցել ԵՄ-ի և Հայաստանի կառավարության հետ՝ ներդրում կատարելով կայուն էներգետիկ լուծումների մեջ։

««Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագիրը ոչ միայն անդրադառնում է կլիմայական հրատապ մարտահրավերներին, այլև հիմք է դնում Հայաստանի գյուղական շրջաններում տնտեսական զարգացմանը: Մենք հավատում ենք, որ առաջնահերթություն տալով կայունությանը, մենք կարող ենք կայուն դրական ազդեցություն ստեղծել ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ տեղական համայնքների համար»,- ասաց Թինտրուպը։

Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Եվրոպական միությունը, ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ) ստորագրեցին համագործակցության պայմանագիրը։

«Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ՀՀ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող գյուղական համայնքներին օգտագործել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժը կայուն, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ զարգացման համար, ինչպես նաև աջակցել վերականգնվող էներգիային և էներգաարդյունավետությանն ուղղված հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ տնային տնտեսությունների և փոքր ձեռնարկությունների մակարդակում:

Դրանով ծրագիրը ձգտում է ուժեղացնել գյուղական համայնքների դիմակայունությունը կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Նպատակային միջամտությունների միջոցով ծրագիրը ձգտում է բարելավել գյուղական հայկական համայնքների կարողությունը՝ դիմակայելու և հարմարվելու փոփոխվող կլիմայական պայմաններին:Այն աջակցում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությանը՝ կենտրոնանալով տարածաշրջանային կայուն զարգացման և կայուն էներգիայի հասանելիության վրա:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (6.2 մլն. եվրո) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (6,1 մլն. եվրո) կողմից և իրականացվելու է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից: Ծրագիրը մեկնարկելու է 2024 թ-ի մայիսի 1-ին, տևողությունը՝ 3 տարի:

Մանվել Մարգարյան