ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կգործի

ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կգործի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» Համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

Համաձայնագիրը սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։

Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել  ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված ​​և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում։

Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների որոշման, հավաստիացման և հաստատման միասնական մոտեցում ապահովելու նպատակով կիրառվելու է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգ։

Համաձայնագրի դրույթներն ուղղված են մասնավորապես՝

Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակներում ապրանքների ծագման որոշման և հաստատման հարցում անդամ պետությունների մոտեցումների միասնականացմանը, այդ թվում, եթե անդամ պետություններում առկա են ապրանքների ծագումից կախված արտահանման կարգավորման միջոցներ (անդամ պետությունների կողմից միակողմանիորեն ներդրված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ինչպես նաև արտահանման մաքսատուրքեր);

երրորդ երկրների շուկաներ մուտքի դյուրացմանը՝ ստեղծելով միասնական մեխանիզմներ անդամ պետությունների արտահանողների համար՝ նրանց կողմից արտահանվող ապրանքների ծագման փաստաթղթային հաստատման և ապրանքների ծագման հավաստագրեր տվող կազմակերպությունների հետ փոխգործակցության մասով;

անդամ պետությունների արտահանողների հետ փոխգործակցության և ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման մասով լիազորված կազմակերպությունների գործունեության ներդաշնակեցմանը, այդ թվում՝ առանց թղթի տեխնոլոգիաների զարգացման և փոխգործակցության էլեկտրոնային ձևաչափի հետագա անցման միջոցով;

Միությունում ապրանքների ծագման ինքնահայտարարագրման համակարգի (լիազորված արտահանողների ինստիտուտ) ներդրման համար իրավական հիմքերի ստեղծմանը;

ապրանքների ծագման մասին տեղեկությունների կեղծման համար անձանց պատասխանատվության սահմանմանը։