Կառավարությունը լուծարեց Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը

Կառավարությունը լուծարեց Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը

Կառավարությունն այսօրվա նիստում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշում ընդունեց։

Ըստ կառավարության հիմնավորման՝ ««Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Գիտատեխնիկական գրադարանային ծառայություններ, միջոցառման շրջանակում տարիներ շարունակ, մինչև 2024թ․ իրականացրել է միայն գրադարանային ծառայություններ՝ իր կանոնադրական հիմնական գործառույթների կատարման համար չունենալով համապատասխան մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ։

ՀՀ կառավարության հնգամյա գործունեության ծրագրով էկոնոմիկայի նախարարությանը վերապահված մի շարք միջոցառումների պատշաճ կատարումը սահմանափակվում է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական կարգավիճակից ելնելով։ Մասնավորապես, գիտություն–տնտեսություն փոխգործուն կապերի հաստատմանը, պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի հայտնաբերումից մինչև տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացների իրականացմանը, ՓՄՁ ֆինանսների հասանելիության ապահովմանը ուղղված միջոցառումները հնարավոր չէ իրականացնել ներկա ենթակառուցվածքի միջոցով։

Այդ մասին փաստում են նաև միջազգային առաջավոր փորձերը, 2022-2023 թվականներին Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունը, և վերջինիս հիման վրա ներկայացված զեկույցն ու առաջարկը։

Ուստի, բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի լուծարել ՊՈԱԿ-ը»։

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրով ամրագրված գիտելիքահենք տնտեսության քաղաքականության իրականացման համար մրցունակ և առավել անկախ կազմակերպաիրավական կարգավիճակ ունեցող ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունից։