Սաուդյան Արաբիայում ներկայացվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերջին նորարարությունները

Սաուդյան Արաբիայում ներկայացվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերջին նորարարությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմին և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը:

 

Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ «A compact for inclusive growth» (Համաձայնություն ներառական աճի համար), «Securing a development-positive energy transition» (Զարգացում-դրական էներգետիկ անցման ապահովում) և «Revitalizing global cooperation» (Համաշխարհային համագործակցության ակտիվացում)։

 

Նախարարի առաջին տեղակալը մասնագիտացված լսարանին է տրամադրել տեղեկատվություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերջին նորարարությունների ու զարգացումների վերաբերյալ, միջազգային գործընկերների հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

 

Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կազմակերպվել է այց Սաուդյան Արաբիայի հանրային հեռուստաընկերություն, տեղի են ունեցել նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էկոնոմիկայի և պլանավորման նախարարությունների, «Misk» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

 

Այս մասին տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։