Հայաստանում Ճապոնիայի դեսպանը ճանաչողական այցով Լոռու մարզում էր

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը ճանաչողական այցով Լոռու մարզում էր
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 3-ին ընդունել է ճանաչողական այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկիին:

Ըստ Լոռու մարզպետի աշխատակազմի հաղորագրության` հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, դեսպանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Իր առաքելության շրջանակներում բարձրաստիճան դիվանագետն արդեն երկրորդ անգամ է Լոռու մարզում: Ողջունելով դեսպանին՝ մարզպետը բարձր է գնահատել հայ-ճապոնական բարեկամությունը, շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Լոռու մարզին ցուցաբերած օժանդակության, բնապահպանական, առողջապահական, կրթական և այլ ոլորտներում իրականացրած ծրագրերի, արդյունավետ աշխատանքի համար:
- Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը գործակցելու, բազմաթիվ ծրագրերի իրականացման շրջանակներում զարգացնելու Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունը, - ասել է մարզի ղեկավարը:
Արամ Ղազարյանը հյուրերին է ներկայացրել Լոռու մարզի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետը հույս է հայտնել, որ դեսպանի այցը նոր համագործակցության մեկնարկ կհանդիսանա տարբեր բնագավառներում կապերի ամրապնդման, ընդլայնման, երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար։

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ առանձնացվել է հատկապես զբոսաշրջության ոլորտը:
Յուտակա Աոկին վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելության շրջանակներում կներդնի առավելագույն ջանքեր՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման:
- Ճապոնիայի կառավարության օգնությամբ Լոռու մարզում իրականացվող բոլոր ծրագրերը արդյունավետ են ընթանում: Շնորհակալ ենք նաև մարզպետի աշխատակազմին այդ գործում մեզ աջակցելու համար: Ես տպավորված եմ ոչ միայն կատարված աշխատանքով, այլև Լոռու բնությամբ, պատմական կոթողներով - ասել է նա:
Դեսպանը նշել է, որ ճապոնացի զբոսաշրջիկների համար Լոռու մարզի պատմամշակութային հուշարձաններն իսկական բացահայտում են:

Անդրադարձ է կատարվել նաև Ճապոնիայում կազմակերպվելիք «Օսակա ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանին վերաբերող տաղավարում Լոռու մարզի մասնակցության հնարավորությանը։
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:
Հանդիպման ավարտին Արամ Ղազարյանն ու Յուտակա Աոկին փոխանակվել են խորհրդանշական նվերներով, ապա մարզպետը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ, դեսպանին ծանոթացրել են Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի պատմամշակութային վայրերի հետ:
Առաջին կանգառը եղել է Հաղպատավանքը: Հյուրերին ներկայացվել է, որ Հաղպատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից է եղել՝ հոգևոր-մշակութային և գիտաուսումնական կարևոր կենտրոններից մեկը և հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ՝ բարձրաստիճան դիվանագետի պատվիրակությունը եղել է նաև Զարնի Պարնի միջնադարյան քարամրոցային համալիրում: Այժմ տարածքը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ ցուցադրվում են հնագույն հազվագյուտ գյուղատնտեսական գործիքներ և կենցաղային իրեր:

Դեսպան Յուտակա Աոկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: