Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա ապրիլին գները 0.7 տոկոսով ցածր են եղել 2023 թ. նույն ամսվա ցուցանիշից

Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա ապրիլին գները 0.7 տոկոսով ցածր են եղել 2023 թ. նույն ամսվա ցուցանիշից

Այս տարվա ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում գները 0.7 տոկոսով ցածր են եղել 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշից: Նման տեղեկություն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այնուհանդերձ, այս տարվա մարտի համեմատ՝ ապրիլին գրանցվել է 0.6% գնաճ: Ընդ որում, դիտարկված բնակավայրերում սպառողական գները նշված ժամանակահատվածում աճել են 0,3-1.4 տոկոսով: Առավելագույն գնաճը գրանցվել է Հրազդան քաղաքում: Երևանում այն կազմել է 0.4%:

2024 թվականի ապրիլին սպառման ապրանքների գները 2.4 տոկոսով ցածր են եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: Այս տարվա մարտի համեմատ ապրիլին գներն աճել են 0.8 տոկոսով: Իսկ 2024-ի հունվար-ապրիլին դրանք 3 տոկոսով ցածր են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Այս տարվա ապրիլին սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 3.3 տոկոսով: Սակայն, անցյալ ամիս գները 1.3 տոկոսով բարձր են եղել, քան մարտին: Իսկ այս տարվա հունվար-ապրիլին 4.5 տոկոսով ցածր են եղել 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 

Ոչ պարենային ապրանքների գներն այս տարվա ապրիլին 2023-ի նույն ամսվա համեմատ նվազել են 0.5, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.3 տոկոսով: Մինչդեռ, հունվար-ապրիլին 0.2 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ծառայությունների գները ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 2.8, այս տարվա մարտի համեմատ՝ 0.2, իսկ հունվար-ապրիլին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)՝ 2.9 տոկոսով: 

Հանրապետության 9 բնակավայրերում 2024 թվականի ապրիլին բնակչությանը մատուցած ծառայությունների սակագները մարտի համեմատ աճել են 0.1-1.5 տոկոսով, մեկում՝ 0.1 տոկոսով նվազել են, ևս մեկում՝ մնացել են անփոփոխ: Երևանում հաշվետու ժամանակահատվածում ծառայությունների գներն աճել են 0.1 տոկոսով: