Վերին Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը 2 ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար»,– նշեց Հակոբյանը։

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: