Տեխնիկայից մինչև ավտոմեքենաներ. Հայաստանի ներմուծման գլխավոր ուղղությունները

Տեխնիկայից մինչև ավտոմեքենաներ. Հայաստանի ներմուծման գլխավոր ուղղությունները

2023 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 12 մլրդ 308 մլն դոլարի ապրանք։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարվա համեմատ ներմուծումն աճել է 40.2%-ով։ Հայաստանի համար սա աննխադեպ ցուցանիշ է։ 

Միայն Ռուսաստանն ու Չինաստանը միասին Հայաստանի ներմուծման 45%-ն են զբաղեցնում։ Տեխնիկան, թանկարժեք քարերը, մետաղներն և ավտոմեքենաները դարձել են Հայաստանի ներմուծման առաջատարները։

Ռուսաստանն ու Չինաստանը ՀՀ-ի ներմուծման գլխավոր աղբյուրներն են
2023 թվականին Հայաստանի ներմուծման 31.6%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 3 մլրդ 887 մլն դոլարի ապրանք, որը 2022-ի համեմատ 47.4%-ով աճել է։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանը տարանցիկ երկիր է դարձել ոչ միայն Արևմտյան երկրներից ապրանքների ներմուծման և դեպի Ռուսաստան արտահանման համար, այլև հակառակ ուղղությամբ՝ Ռուսաստանից ներմուծվել են ապրանքներ, ինչպես ոսկի, ադամանդ և այլն, և արտահանվել երրորդ երկրներ։

Չինաստանը Հայաստանի ներմուծման կառուցվածքում 13.8%-ն է զբաղեցրել։ Ներմուծվել է 1 մլրդ 702 մլն դոլարի ապրանք, որն աճել է 23%-ով։
Հաջորդ երկիրը, որտեղից Հայաստանը առավել շատ է ապրանք ներմուծում, Միացյալ Նահանգներն է՝ 5.1%  տեսակարար կշռով։
Հաջորդում են Իրանը (4.9% տեսակարար կշիռ) և Գերմանիան (4.5%):

Տասնյակում գտնվող մյուս երկրների կշիռը գնալով նվազում է։ 10-րդ տեղում գտնվող Լեհաստանը Հայաստանի ներմուծման կազմում ընդամենը 1.1% կշիռ ունի, ինչը նշանակում է, որ առաջին եռյակից և լավագույն դեպքում՝ առաջին հնգյակից հետո գտնվող երկրները էական դեր չունեն։ Եվ, ինչպես արտահանման դեպքում է Հայաստանը կախված չորս-հինգ երկրներից, այնպես էլ՝ ներմուծման։


Տեխնիկա, թանկարժեք քարեր, մետաղներ և ավտոմեքենաներ. փոխվել է Հայաստանի ներմուծման կառուցվածքը
Դառնալով տարանցիկ երկիր Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ Հայաստանը, ինչպես նշել ենք մեր նախորդ վերլուծության մեջ, մեծ քանակի ավտոմեքենաներ, թանկարժեք քարեր ու մետաղներ, տեխնիկա է արտահանել։ Բնականաբար, այս ամենը ոչ թե Հայաստանում է արտադրվում, այլ՝ ներմուծվում է։ Արդեն ներմուծման կառուցվածքում դա հստակ երևում է։

2023 թվականին Հայաստանը ամենից շատ ներմուծել է մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, այդ թվում՝ կենցաղային տեխնիկա, բջջային հեռախոսներ, համակարգիչներ և այլն։ Ներմուծվել է 2.4 մլրդ դոլարի սարքավորումներ և մեխանիզմներ, որը 2022֊ի համեմատ աճել է 42.3%֊ով։
Միևնույն ժամանակ, 3.3 անգամ ավելացել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների ներմուծումը՝ կազմելով 2.3 մլրդ դոլար։
Ավտոմեքենաների ներմուծումը ևս մեծ ծավալների է հասել։  Մեկ տարում ներմուծվել է 1.8 մլրդ դոլարի մեքենա, աճը՝ 91.3%:
Ոչ մեծ ծավալով նվազել է հանքահումքային արտադրանքի ներմուծումը, որի ներքո պետք է հասկանալ նաև գազն ու բենզինը։

Մնացած ապրանքախմբերը էական տարբերությամբ զիջում են վերը նշված չորս խմբերին։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։