Ներկայումս գտնվում ենք հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ամենաակտիվ փուլում. արդարադատության փոխնախարար

Ներկայումս գտնվում ենք հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ամենաակտիվ փուլում. արդարադատության փոխնախարար

Հայաստանը ներկայումս գտնվում է թվով երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ամենաակտիվ փուլում, որի արդյունքներով արդեն իսկ գրանցվել են լրջագույն բարեփոխումներ թե՛ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ իրավական հենքի ձևավորման, թե՛ այդ գործընթացի կայուն արդյունքների ու ակնկալիքների ամրագրման առումով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» թվինինգային ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյանը նշեց, որ ծրագիրն ի սկզբանե ուներ խոստումնալից բաղադրիչներ, որոնցից ակնկալիքները, բնականաբար, մեծ էին։ Նրա խոսքով՝ նման միջոցառումները փաստում են, որ նախապես պլանավորված բոլոր ուղղություններն ու նախաձեռնություններն անչափ կարևոր են։

«Հայաստանի կառավարությունը հանրային կառավարման ոլորտում դատաիրավական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարի ու բարեվարքության համակարգի ամրապնդումը հռչակել է որպես կարևորագույն առաջնահերթություն, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ գրանցել են տեսանելի, լուրջ արդյունքներ և կրում են շարունակական բնույթ։ Կառավարության կողմից ստանձնած պարտավորությունները զուտ խոսքերի մակարդակով չեն, այլ ստացել են իրավական ձևակերպումներ գործադիր մարմնի հնգամյա ծրագրի, ինչպես նաև հատուկ մշակված հակակոռուպցիոն քաղաքականության ու դատաիրավական ռազմավարության մեջ։ Մեզ համար, բնականաբար, հատուկ նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։ Արժե հատուկ ընդգծել ԵՄ պատվիրակության դերակատարումը, որն անմիջականորեն աջակցում է գործընթացներին, և այդ աջակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ՝ ՀՀ բյուջետային գործառույթներին աջակցելու տեսքով և ընդգրկելով դիվերսիֆիկացված ինտեգրացիոն համագործակցության նոր ուղղություններ»,-ասաց Կարապետյանը։

Փոխնախարարի խոսքով՝ տվյալ ծրագրի նշանակությունը մեծ է հատկապես բարեփոխումների իրականացման համատեքստում, քանի որ ծրագրի շրջանակում ահռելի աշխատանք է իրականացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Պակաս կարևոր չի եղել նաև արդարադատության նախարարության ջանքերի ներդրումը, որի միջոցով օրենսդրական դրույթների վերանայման արդյունքում ներդրվել է միջազգային (եվրոպական) լավագույն փորձը կարգավորումների նոր շրջանակում, ինչպես նաև ներդրվել են կարգապահական պատասխանատվության նոր կառուցակարգեր՝ նպաստելով բարեվարքության համապատասխան հանձնաժողովի ստեղծմանը։

«Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության վարչությունը սերտ աշխատանքներ կատարելով այս ծրագրի հետ՝ նույնպես անցել է մի շարք ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման փուլեր՝ ստանալով փորձագիտական աջակցություն՝ ԳՐԵԿՈ-ի խմբի հետ աշխատանքների մակարդակը բարելավելու և մեր մոնիթորինգային գործընթացներում պատշաճ փաստաթղթաշրջանառություն ու հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ։ Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական, անդադար և լրջագույն ջանքեր պահանջող գործընթաց է, որտեղ կարևոր է ոչ միայն պետության պատասխանատվությունը, պարտականությունը, այլև շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերի համադրումը, քաղհասարակության ակտիվությունը, մեդիադաշտի աշխույժ մասնակցությունը»,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարարը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն իր հերթին նշեց, որ վերոհիշյալ ծրագրի մեկնարկը բավականին ծանր էր ու մարտահրավերներով լի, սակայն աստիճանաբար ծրագրի բաղադրիչները հաստատուն քայլերով գրանցեցին կայուն առաջընթաց։ Նրա դիտարկմամբ՝ հակակոռուպցիոն պայքարը ենթադրում է երկարաժամկետ ու քրտնաջան աշխատանք։ Այս ծրագիրը նախանշել է կարևոր այն հիմքերը, որոնց վրա պետք է կառուցվի տվյալ ուղղությամբ իրականացվող գործունեությունը։ Ծրագրի չորս բաղադրիչներից երեքի հիմնական շահառուն եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։

Մանրամասները՝ այստեղ