Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը

Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը

Կառավարությունը հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ երկրի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը։

Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների: Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373,0 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով վարկային համաձայնագրի կնքում՝ 236 մլն եվրո արժողությամբ:

Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ. նոյեմբերը: