ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում ՏՀԶԿ-ի կողմից Ադրբեջանի հակակոռուպցիոն բարեփոխումներին տրված գնահատականը

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում ՏՀԶԿ-ի կողմից Ադրբեջանի հակակոռուպցիոն բարեփոխումներին տրված գնահատականը

2024 թվականի մարտին հրապարակվել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցները Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի վերաբերյալ։

Այդ՝ 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցներով գնահատվել են համապատասխան երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունների բարեփոխումների իրականացման կատարողականի մակարդակը ոլորտի տարբեր ուղղություններով, ինչպես օրինակ՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործընթացը, շահերի բախումը և ակտիվների հայտարարագրումը, ազդարարների պաշտպանությունը, դատական համակարգի անկախությունը և այլն։

Գնահատումը կատարվել է ըստ կատարողական դաշտերի՝ չորս մակարդակներով.

Կատարողականի A մակարդակ՝ 76-100 միավորներ, կոնկրետ ուղղությամբ (ոլորտում) երկրի բարեփոխումների կատարման ընթացքը գնահատվում է նշանակալի,

Կատարողականի B մակարդակ 51-75 միավորներ, կոնկրետ ուղղությամբ երկրի բարեփոխումների կատարման ընթացքը գնահատվում է բարձր,

Կատարողականի C մակարդակ 26-50 միավորներ, կոնկրետ ուղղությամբ երկրի բարեփոխումների կատարման ընթացքը գնահատվում է բավարար (միջին մակարդակ),

Կատարողականի D մակարդակ <25 միավորներ, կոնկրետ ուղղությամբ երկրի բարեփոխումների կատարման ընթացքը գնահատվում է ցածր։

Համաձայն Ադրբեջանում հակակոռուպցիոն բարեփոխումների մոնիթորինգի հինգերորդ փուլի ելակետային զեկույցի, հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ կատարված բարեփոխումները գնահատվել են նշանակալի, ստանալով՝ 83 միավոր հնարավոր 100-ից։ Սակայն, զեկույցի 1-ին կատարողականի դաշտի՝ հակակոռուպցիոն քաղաքականության ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Ադրբեջանի ոչ կառավարական շահագրգիռ կողմերը բավական քննադատաբար էին վերաբերվել ազգային հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ կարծելով, որ ազգային հակակոռուպցիոն փաստաթղթերը չեն շոշափում էական կոռուպցիոն խնդիրներ և այդ գործընթացում առկա չէ իրական քաղաքական կամք՝ կոռուպցիայի մակարդակի ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով։

Ոչ կառավարական շահագրգիռ կողմերը նաև շեշտել են, որ հակակոռուպցիոն պայքարում իրական հաղորդակցություն լրատվամիջոցների, ՔՀԿ-ների, քաղաքացիների հետ առկա չէ։ Հանրային խորհրդատվություններին մասնակցում են նույն հասարակական կազմակերպությունները, որոնք պետական կառույցների հետ համագործակցության երկարամյա փորձ ունեն։ Այս կազմակերպություններն այնքան էլ քննադատաբար չեն վերաբերվում կառավարության գործադրած ոչ բավարար ջանքերին և չեն ցանկանում բարձրաձայնել կամ քննարկել էական կոռուպցիոն խնդիրները: Հասարակական շահագրգիռ կողմերը նկատել են, որ կոռուպցիայի բարձր մակարդակը սկսել է տարածվել բնական ռեսուրսների ոլորտներից դեպի տնտեսության այլ ճյուղեր, օրինակ՝ գյուղատնտեսություն, և այդ միտումները լուծում չեն ստանում ազգային հակակոռուպցիոն քաղաքականության փաստաթղթերով:

Սրան զուգահեռ, պետք է նշել, որ Ադրբեջանի հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող գնահատականի կազմման հարցում չի պահպանվել Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման մեթոդաբանությամբ սահմանված այն պահանջները, որոնք վերաբերում են ոչ կառավարական շահագրգիռ կողմերի (ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների այլ ներկայացուցիչների, համապատասխան ոլորտային փորձագետների) կարծիքները զեկույցների կատարողական դաշտերի յուրաքանչյուր բաժնում ներառելու, կատարողականի գնահատման արդյունքների ամբողջական վկայակոչման կանոններին։ Ոչ կառավարական շահագրգիռ կողմերի դիտարկումները իրական ազդեցություն չեն ունեցել Ադրբեջանի հակակոռուպցիոն քաղաքականության կատարողականի դաշտի վրա, հակառակ պարագայում 1-ին կատարողական դաշտը կգնահատվեր այդ դիտարկումների հաշվառմամբ։ Այդ դիտարկումները նաև արտացոլված չեն Զեկույցի Գործադիր ամփոփման և 1-ին կատարողական դաշտի նախաբանում։

Ադրբեջանի վերաբերյալ ՏՀԶԿ-ը 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցի մեկ այլ՝ 6-րդ կատարողական դաշտի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի դատական իշխանության անկախությանը վերաբերող գնահատականի կազմման հարցում նույնպես չեն պահպանվել ոչ կառավարական շահագրգիռ կողմերի կարծիքները զեկույցների կատարողական դաշտերի յուրաքանչյուր բաժնում ներառելու, կատարողականի գնահատման արդյունքների ամբողջական վկայակոչման կանոնները։ Այսպես, Զեկույցի 6-րդ կատարողական դաշտի ամփոփիչ հատվածում վկայակոչված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայացրած կարծիքի համաձայն՝ հասարակությունը դրական չի վերաբերում երկրի դատական իշխանությանը, վստահություն չկա դատական համակարգի և դատարանների նկատմամբ։ Դատավորներն ու դատարանները վերահսկվում են արդարադատության նախարարության կողմից և գտնվում են դատախազության ազդեցության ներքո։ Բացի այդ, ոչ կառավարական շահագրգիռ կողմերը նշել են, որ դատավորների նշանակումների և պաշտոնանկությունների մասին որոշումները հրապարակվում են առանց բավարար հիմնավորումների, Ադրբեջանի դատական համակարգում էական փոփոխություններ նախաձեռնելու և հանրային վստահության բարձրացման նպատակով՝ ընդգծել են իրական քաղաքական կամքի անհրաժեշտության մասին:

Այսպիսով, ստացվում է, որ վերոնշյալ դիտարկումները ազդեցություն չեն ունեցել Ադրբեջանի դատական իշխանության անկախության գնահատման հարցում, դրանք Զեկույցի Գործադիր ամփոփման և 6-րդ կատարողական դաշտի նախաբանում արտացոլված չեն։ Նշված չեն կարծիք ներկայացրած ՀԿ-ների կամ ոչ կառավարական շահագրգիռ կողմերի անվանումները։ Հիշյալ հանգամանքները ողջամիտ կասկածներ են հարուցում ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների կարծիքների՝ Զեկույցի մշակման և գնահատման համատեքստում ունեցած կարևորության մասին։ 

Սրան զուգահեռ, հարկ է ընդգծել, որ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տարիներ շարունակ հրապարակվող երկրների կոռուպցիայի ընկալման համաթվով Ադրբեջանը կայուն կերպով զբաղեցնում է վերջին հորիզոնականները։ Օրինակ՝ 2023 թվականին 180 երկրների շարքում զբաղեցրել է 154-րդ հորիզոնականը՝ ստանալով 23 միավոր, 2022 թվականին՝ 154-րդ հորիզոնականը՝ 23 միավորով և կորցրել է 7 միավոր 2021 թվականի համեմատ։ Ադրբեջանի երբևէ ունեցած ամենաբարձր միավորը եղել է 31-ը՝ 2017 թվականին։

Բացի վերոգրյալից, միջազգային հանրությանը հայտնի են նաև մի շարք աղմկահարույց կոռուպցիոն սկանդալներ, որոնց կիզակետում գտնվել է Ադրբեջանի նախագահը և նրա ընտանիքի անդամները, և որոնց մասին լրագրողական մի շարք հետաքննություններ են հրապարակվել միջազգային հարթակներում, ինչպիսին է OCCPR-ը։

Մամուլում հայտնված նյութերում բազմաթիվ են նաև մանրամասներ Ալիևի կողմից օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների պաշտոնյաներին կաշառելու փորձերի վերաբերյալ:

Միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից Ադրբեջանը տարիներ շարունակ դիտարկվել է որպես անազատ, բռնապետական տարրեր ունեցող պետություն՝ խոսքի ազատության, մարդու իրավունքների բազմաթիվ չարաշահումներով, որոնց թվում են նաև անձանց հետապնդումները այս երկրի տարածքից դուրս, իսկ դրանց թվում՝ նաև օտարերկրյա անձանց նկատմամբ հետապնդումները։

 Այդ կոռուպցիոն սկանդալներում հստակ ուրվագծվում են նաև այս երկրի նախագահի կողմից բնապահպանական խնդիրների նկատմամբ ունեցած վերաբերմունքը. նրա անմիջական մասնակցությունը հանքարդյունաբերությանը։

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ ՏՀԶԿ-ը 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցով Ադրբեջանի հակակոռուպցիոն բարեփոխումների կատարման ընթացքը ձևական առումով գնահատել է նշանակալի, այդուհանդերձ գտնում ենք, որ բարձր հեղինակություն ունեցող միջազգային մասնագիտացված կառույցի գնահատումները պետք է իրականացվեին փաստացի (բովանդակային) արդյունքների հիման վրա, և ոչ թե՝ ձևական` քանակական տվյալների հիման վրա՝ անտեսելով փաստացի բովանդակությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ որպես Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտի առաջատար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանց, մտահոգիչ է համարում ՏԶՀԿ-ի կողմից Ադրբեջանի հակակոռուպցիոն բարեփոխումների գործընթացին տրված գնահատականները և կոչ է անում այս մասնագիտացված հեղինակավոր կազմակերպությանը կատարել երկրների կատարողականի փաստացի արդյունքների գնահատում՝ բացահայտելով բարեփոխումների և իրավիճակի իրական պատկերը՝ հիմնվելով որակական և բովանդակային ցուցանիշների վրա։ Եվ այս առումով, գտնում ենք, որ հրատապ վերանայման կարիք ունի այն ՏՀԶԿ մեթոդաբանությունը, որով կատարվում է երկրների հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատումը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ