Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության համակարգի բարեփոխումները, հիմնախնդիրներն ու հնարավորությունները՝ ներկայացնելով կրթության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի ռազամավարությունից բխող միջոցառումների պլանի կատարմանը:
Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ռազմավարության ընթացքի քննարկում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ հարթակը, որտեղ Եվրամիության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և մյուս միջազգային գործընկերների հետ ռազմավարական երկխոսության և գործընկերության շրջանակում քննարկվում են կրթության ոլորտում համատեղ աշխատանքներն ու անելիքները:
«Ուրախ եմ, որ կրթական բարեփոխումների երկար ու բարդ ճանապարհին ունենք հուսալի գործընկերներ, որոնց շարունակական աջակցությամբ և համագործակցությամբ կյանքի ենք կոչում փոփոխությունները: Առանց նման համագործակցության՝ չէինք ունենա այն դրական ձեռքբերումները, որոնք արձանագրել ենք համատեղ աշխատանքի արդյունքում: Կրթության ոլորտում քննարկումների ակնկալիքը մեկն է՝ իրականացվող գաղափարներն ու ծրագրերը ևս մեկ անգամ դարձնել քննության առարկա, լսել առաջարկներ և դիտարկումներ, քանի որ կրթության ոլորտն առնչվում է մեր հասարակության տարբեր խմբերին, և գործ ունենք մեծ թվով մարդկանց հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարեփոխումների իրականացումը նաև բավարար ճկունություն է պահանջում՝ ճիշտ արձագանքելու փոփոխությունների ընթացքին:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախորդ տարի հաստատվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, և այս փուլում կարևոր է լսել, թե ինչպես է ընթացել կրթության ռազմավարության իրականացումը, ինչ բարեփոխումներ են տեղի ունեցել հանրակրթության, մասնագիտական կրթության և բարձրագույն կրթության ոլորտներում:
Բարեփոխումներն ընդգրկում են կրթության բոլոր մակարդակները
«Ռազմավարությունը վերաբերում է կրթության բոլոր մակարդակներին՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն, ոչ ֆորմալ կրթական համակարգ: Կրթության ոլորտի փոփոխություններում չկան առավել կամ պակաս կարևորության հարցեր: Եթե ուզում ենք հասնել որակական փոփոխության, ապա համակարգային բարելավում պետք է ապահովենք կրթության յուրաքանչյուր մակարդակում՝ որպես շղթա, որի ամեն օղակը պիտի շարունակի նախորդին: Հնարավոր չէ փոխել հանրակրթությունը, բայց չփոխել մասնագիտական կրթության համակարգը և այսպես շարունակ»,- ասել է նախարարը:
Կրթությանը հատկացվող պետական միջոցների աճ
Չնայած բոլոր դժվարություններին՝ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին կրթությանն ուղղված բյուջեն չի չնվազեցրել, այլ հակառակը՝ շարունակաբար կրթությանը հատկացվող պետական միջոցների աճ է գրանցվում:
«Այս տարի կրթության բյուջեն ավելի է նախորդ տարվանից ավելի քան 38 տոկոսով, ինչը ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում կրթության ոլորտը՝ որպես պետության զարգացման անկյունաքար: Կարևոր է, որ այս ոլորտում գրանցենք որակական փոփոխություն, որը, վստահաբար, բարձրացնելու է մեր պետության դիմակայունությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը
ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրեր
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերին՝ նշելով, որ Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Նա առանձնացրել է ուսուցիչներին ուղղված աջակցությունը, որի արդյունքում այսօր արդեն ավելի քան 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ ուսումնական հաստատություններում:
«Քայլեր են ձեռնարկվել ուսանողների և աշակերտների կրթության իրավունքի ապահովման ուղղությամբ. Կառավարությունը որոշում է ընդունել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ, և կարիք ունենք քննարկելու դրա հետագա շարունակության հարցը: Բռնի տեղահանված երեխաների դպրոցական կրթությունը, իհարկե, ապահովված է, բայց այստեղ էլ լրացուցիչ սոցիալ- հոգեբանական ծրագրերի, այլ ծառայությունների ուժեղացման կարիք կա: Միջազգային որոշ գործընկերների հետ համատեղ ծրագրեր են նախատեսվում նաև այլ ուղղություններով»,- ասել է նախարարը:
ԵՄ-ն աջակցում է կրթության ռազմավարության իրականացմանը
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և կարևորել Հայաստան-ԵՄ համագործակցությունը. «Կրթության ոլորտում Եվրոպական միության և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին՝ քաղաքականության համապարփակ երկխոսության միջոցով։ Այս ոլորտում մեր պորտֆոլիոն 70 միլիոն եվրոյից ավելի է։ ԵՄ-ն աջակցում է վերջերս հաստատված Կրթության ռազմավարության իրականացմանը, որը ներառում է կարևոր բարեփոխումներ, այդ թվում՝ տարբեր մարզերում ԳՏՃՄ լաբորատորիաների ստեղծում և ուսումնական ծրագրերի ներդրում, դպրոցաշինություն և դպրոցների կառավարման համակարգի զարգացում, տնօրենների նշանակման սկզբունքների մշակում, մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, կանաչ տնտեսության ուղղությամբ հետազոտություններ և դպրության արդյունքների գնահատում,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան պրն Վասիլիս Մարագոսը և շարունակել,-ԵՄ-ն աջակցում է նաև ոչ ֆորմալ կրթությանը։ Այդ ոլորտում ԹՈՒՄՈ-ի և ՔՕԱՖ-ի միջոցով արդեն շատ ծրագրեր ենք իրականացնում։ Սյունիքում պատրաստվում ենք հիմնադրել երկու ՔՕԱՖ կենտրոններ, որի ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ քսան միլիոն եվրո՝ նպատակ ունենալով ամրապնդել այս մարզի դիմակայունությունը։ Լայն առումով, մարդկային կապիտալի ուղղությամբ ներդրումները էապես կարևոր են Հայաստանի հասարակության մրցունակության և դիմակայունության համար՝ բազմազանեցնելու տնտեսությունը, ինչպես նաև խթանելու հաստատությունների աշխատանքն ու նորարարությունները։ Կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսությունը միավորում է շահագրգիռ կողմերին և գործընկերներին, որպեսզի միասին առավելագույնի հասցնենք համատեղ ջանքերը»։
Երեխաների և դեռահասների որակյալ կրթությունը կարևոր է
«Հայաստանի կրթության բնագավառում աշխատող կազմակերպությունների համար առաջնահերթություն է, որպեսզի երեխաները և դեռահասները կարողանան որակյալ կրթություն ստանալ, որը նրանց լավագույնս կպատրաստի ապագայի համար։ ՀՀ կառավարությունը բազմիցս ընդգծել և կարևորել է այս առաջնահերթությունը վերջին տարիներին, - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և ավելացրել,- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հույս ունի, որ այս և հետագա հանդիպումների ընթացքում շահագրգիռ կողմերը պատկերացումներ կտան կրթության վերաբերյալ հիմնավոր քաղաքական երկխոսության համար, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխայի, հատկապես առավել խոցելիներին, հասանելի լինի որակյալ կրթությունը»:
Համաժողովում ներկայացված հիմնական զեկույցները վերաբերել են Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների առաջընթացին, Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման արդյունքներին, ԵՄ բյուջետային աջակցությանը և այլն:
Կրթական համակարգի բարեփոխումները. ընդհանուր անդրադարձ
Համաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացմանը ծրագրի իրականացման զեկույցը՝ ըստ 2023 թվականի արդյունքների:
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրում
Նշվել է, որ կրթության համակարգում փոփոխությունների հիմնական ուղղությունը բովանդակային բարեփոխումներն են առաջին հերթին հանրակրթության ոլորտում: Եվրամիության և Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը 2021 թվականից փորձնական ներդրվել է Տավուշի մարզում, և այս տարի կունենանք առաջին շրջանավարտները, որոնք ուսումնառության գործընթացն անցել են նոր չափորոշչով: 2022 թվականից փուլային եղանակով այն ներդրվել է բոլոր դպրոցներում, և գործընթացը կավարտվի 2026 թվականին:
Ուսուցիչների մասնագիտական զարգացում
Բարեփոխումների հաջորդ ուղղությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման և գործունեության գրավչության բարձրացումն է: Հիմնական քաղաքականությունն ուղղված է զարգացման հնարավորությունների ընդլայնմանը և դրա փոխկապակցմանն արժանապատիվ վարձատրության հետ: Առաջինը կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն էր. 3800-ից ավելի մանկավարժներ անցել են կամավոր ատեստավորում և ստանում են բարձր աշխատավարձ: Մյուս ուղղությունը տարակարգի շնորհման մեխանիզմի վերանայումն էր, որը հնարավորություն է տալիս ուսուցչին, կախված մասնագիտական ունակություններից, հավակնել ավելի բարձր աշխատավարձի: Նման ուսուցիչների թիվը շուրջ 1600-ն է:
Ֆինանսավորման նոր մեխանիզմներ են ներդրվել մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների և բնագիտական ուսուցիչների համար, որոնք 2023 թվականի սեպտեմբերից ստանում են հավելավճար. ներկայում 16000-ից ավելի ուսուցիչներ ստանում են բարձրացված չափաքանակով աշխատավարձ:
Այս տարվանից կներդրվի կարիքների վրա հիմնված վերապատրաստման համակարգը, որը հնարավորություն է տալիս ուսուցիչներին՝ ընտրելու այն թեմատիկան և կարողությունները, որոնք ավելի առանցքային են մասնագիտական հմտությունների զարգացման տեսանկյունից:
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագիր
Բարեփոխումների հաջորդ ուղղությունը երեխայակենտրոն ապահով միջավայրի ստեղծումն է, որի առանցքը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն է: 2023 թվականին ունեցել ենք ավարտուն վերանորոգված և կառուցված 29 դպրոց և 167 մանկապարտեզ: Այս տարվանից նախատեսվում է դրանց թվի ընդլայնում՝ 264 դպրոց՝ ներառյալ 75 կրթահամալիր, որոնք ընդգրկելու են ինչպես դպրոցական, այնպես էլ նախադպրոցական կրթական ծառայություններ: Այդպիսով՝ կմեղմվի այն համայնքների խնդիրը, որտեղ նախադպրոցական ծառայություններ չկան: Միջավայրերի ստեղծումը նաև լաբորատորիաներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցումն է դպրոցներում: Անցած տարվա դրությամբ 283 դպրոցներ համալրվել են լաբորատորիաներով, և 2024թ. ևս 6 մարզում նախատեսվում է: Բոլոր նորակառույց դպրոցները և մանկապարտեզները կահավորվում են նոր գույքով:
«Դպրոցական սնունդ» ծրագիր
Կարևոր ծրագրերից մեկը, որն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային գրասենյակի աջակցությամբ, «Դպրոցական սնունդ» ծրագիրն է: Այսօրվա դրությամբ հանրապետության բոլոր դպրոցների, բացի Երևանից, 1-4-րդ դասարանների և նախակրթարանների երեխաները օգտվում են ծրագրից: 2025 թվականից նախատեսվում է, որ այն կգործի նաև Երևանում:
Դպրոցի տնօրենի նշանակման նոր համակարգ
Հաջորդ ուղղությունը կառավարման և ֆինանսավորման ոլորտի բարեփոխումներն են: Այստեղ առաջին կարևոր հանգամանքը դպրոցների կառավարման բովանդակային և վարչատնտեսական բաժինների տարանջատումն է: Տնօրենների համար սահմանվել է եռափուլ նշանակման համակարգ, իսկ այս տարվանից կներդրվի նաև տնօրենների ատեստավորման համակարգ: Նախատեսվում է վարչատնտեսական որոշ գործառույթներ արտապատվիրակել, որոնց թվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը և այլն:
Նախադպրոցական կրթության հասանելիություն և մատչելիություն
Նախադպրոցական կրթության համակարգում հիմնական խնդիրներից մեկը մատչելիության ապահովումն է. 200-ից ավելի համայնքներում նախադպրոցական կրթություն չի իրականացվում: 27 այլընտրանքային ծառայություններ են ներդրվել և 29 նախակրթարաններ են հիմնվել տարբեր համայնքներում:
Նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացման հիմնական ուղղություններն են՝ տնօրենների հավաստագրումը, մանկավարժների կանոնավոր վերապատրաստումները, վերանայված նախադպրոցական կրթության չափորոշչի փորձարկումը, որի ամբողջական ներդրումը նախատեսվում է 2026 թվականից:
2023 թվականից անցում է կատարվել նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականությանը, իսկ մանկավարժների համար ներդրվել է տարակարգի համակարգ:
Կրթություն-աշխատաշուկա արդյունավետ կապ մասնագիտական կրթության ոլորտում
Նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում հիմնական խնդիրը կրթություն-աշխատաշուկա արդյունավետ կապի ապահովումն է: Այստեղ առանձնացվել են քաղաքականության մի քանի ուղղություններ: Դրանցից են՝ կրթական ծրագրերի և ուսումնական հաստատության համապատասխանեցումը տարածքային կարիքներին: Իրականացվել է ՄԿՈւ հաստատությունների և դրանց ծրագրերի քարտեզագրում, վերանայվել են մասնագիտական ցանկերը, դրանց տեղաբաշխման ռազմավարությունը: Նախատեսվում է ոլորտային հաստատությունների ցանցերի զարգացում. մինչև 2030 թվականը 12 կրթահամալիրների ռեսուրսային կենտրոններ կձևավորվեն: Բովանդակային առումով առաջնայինն աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգն է. շուրջ 10 տոկոս մասնագիտություններում այս ծրագիրն արդեն ներդրված է:
Նշված բոլոր ուղղությունների համար հիմնաքարային է լինելու «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումը, որի նախագիծն այժմ շրջանառվում է Ազգային ժողովում:
Առանձնացվել է նաև կրթաթոշակային նոր քաղաքականությունը, որը գերակա ճանաչված մասնագիտությունների ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալու մինչև 50.000 դրամ կրթաթոշակ: Գերակա մասնագիտություններ են սահմանվել արդյունաբերությունը, շինարարությունը և գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունները:
«Ակադեմիական քաղաք» ծրագիր
Բարձրագույն կրթության ոլորտում հաստատվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, մշակվել է ծրագրի գլխավոր հատակագիծը: Որպես կարևորագույն խնդիր՝ առանձնացված է գիտության և բարձրագույն կրթության միավորումը: