Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են

2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալները 30.4 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 723 մլրդ 685 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այս տարվա մարտին արդյունաբերական արտադրության ծավալները կազմել են 262 մլրդ 483.8 մլն դրամ՝ 0.2 տոկոսով գերազանցելով փետրվարի և 33.5 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշները:  

Ընդ որում՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման արդյունքում ստացված արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 4.6 տոկոսով՝ կազմելով 104 մլրդ 802.5 մլն դրամ: Դրանից 34 մլրդ 752.2 մլն դրամի ծավալն ապահովվել է այս տարվա մարտին: Դա 1.7 տոկոսով գերազանցում է 2024-ի փետրվարի ցուցանիշը, սակայն 7.5 տոկոսով զիջում է նախորդ տարվա մարտի արդյունքին:

Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում 47.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 509 մլրդ 993.4 մլն դրամ: 2024-ի մարտի արտադրանքը գնահատվում է 192 մլրդ 581.3 մլն դրամ: Դա 0.7 տոկոսով գերազանցում է այս տարվա փետրվարի և 49.1 տոկոսով՝ նախորդ տարվա մարտի ցուցանիշը:

Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման արտադրության մասով այս տարվա առաջին երեք ամիսների ցուցանիշը 13.3 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 101 մլրդ 777.7 դրամ: Այս տարվա մարտ ամսվա արտադրանքը գնահատվում է 32 մլրդ 751 մլն դրամ: Դա 4.1 տոկոսով զիջում է այս տարվա փետրվարի ցուցանիշին, սակայն 24.7 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա արդյունքը:

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում. այս ոլորտում այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը 6.6 տոկոսով բարձր է, քան 2023 թվականին: Գումարային վերարտադրությամբ կազմում է 7 մլրդ 111.4 մլն դրամ, որից 2 մլրդ 399.3 միլիոնն ապահովվել է այս տարվա մարտին: Դա 2.3 տոկոսով գերազանցում է 2024-ի փետրվարի և 5.8 տոկոսով՝ անցյալ տարվա մարտի ցուցանիշը: