Վարդենիսի 6 բնակավայրերում կառավարության ծրագրով կկառուցվեն ժամանակակից կրթահամալիրներ

Վարդենիսի 6 բնակավայրերում կառավարության ծրագրով կկառուցվեն ժամանակակից կրթահամալիրներ
Մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, խորհրդակցության օրակարգում էին Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփման, ընթացիկ տարում հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների իրականացման հետ կապված բազմաբնույթ հարցերը։
Խորհրդակցության սկզբում Կարեն Սարգսյանն անդրադարձավ Վարդենիս համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքներին, շեշտելով, որ թեև արդյունքներն աննախադեպ են համայնքի պատմության մեջ, իսկ ձեռքբերումները միանգամայն տեսանելի, սակայն որոշ ուղղություններում նկատվել են թերություններ ու բացթողումներ, որոնց կարգավորման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն համարժեք քայլեր։
Այնուհետ անդրադարձ կատարվեց ընդերքօգտագործման կանոնակարգման, անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների, ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների, սելավատարների մաքրման, գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման, ապառքների գանձման, Շատվանում ԲՄԿ շենքի կառուցման համար անհրաժեշտ հողհատկացման, սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը համայնքապետարանի կողմից վերահսկելու հետ կապված հարցերին։
Մարզպետը հանգամանալից տեղեկություն ներկայացրեց 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերով նախատեսված ծրագրերի մասին, որոնց շրջանակներում Վարդենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից կիրականացվեն ճանապարհաշինական, դպրոցաշինական, խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերի կառուցման, այլ ենթակառուցվածքների հզորացման խոշոր ծրագրեր` հսկայածավալ ներդրումներով։
«Վարդենիսի 6 բնակավայրերում ՀՀ կառավարության ծրագրով կկառուցվեն ժամանակակից կրթահամալիրներ, որոնց շինարարության մեկնարկը կտրվի առաջիկայում։ Կսկսվեն նաև Վարդենիսի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Թե՛ այս, թե՛ եկող տարիներին մեզ շինարարական ահռելի, բարդ ու պատասխանատու աշխատանքներ են սպասում, որոնց իրականացման ու հաղթահարման համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերն ու հետեւողական քայլերը»- նշեց Կարեն Սարգսյանը։
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները հանդես եկան բազմաբնույթ առաջարկներով ու հարցադրումներով, որոնց շուրջ Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ։