ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացմանը` քաղաքականությունների մշակման և բարեփոխումների իրականացման միջոցով

ՎԶԵԲ-ը ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակման գործում ավելի քան 17 տարի աջակցում է հառավարությանը` Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի միջոցով` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: Կառույցը ստեղծվել է ՎԶԵԲ-ի և ՀՀ Կառավարության միջև հուշագրի հիման վրա վարչապետի որոշմամբ:
Այն ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: Խորհուրդը հանդիպում է ամեն ամիս` Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, և եռամսյակը մեկ` փոխվարչապետի գլխավորությամբ: Աշխարհի 11 երկրներում գործող Ներդրումային խորհուրդները, հիմնվելով տեղական կարիքների ու զարգացման ուղղությունների վրա, մշակում են օրենսդրական բարեփոխումներ: Հայաստանի ներդրումային խորհուրդն իր 17-ամյա գործունեության արդյունքում իրականացրել է ավելի քան 40 օրենսդրական բարեփոխումներ, որոնք ուղղակիորեն ազդել են 85.000 բիզնեսի վրա և նպաստել 100.000-ից ավելի աշխատեղերի ստեղծմանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ներդրումային խորհուրդը, բարեփոխումների մի մասն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական առաջընթացի և ներդրումային միջավայրը բարելավելու գործին, մասնավորապես` ՏՏ նորաստեղծ ձեռնարկությունների արտոնյալ հարկային ռեժիմը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրը, ՍԵՅՖ պայմանագրերի նոր օրենքը և այլն: Այս բարեփոխումներն օգնում են ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր` Հայաստանը որպես Կովկասի Սիլիկոնյան հովիտ դիրքավորելու և ՏՏ ոլորտի շարունակական զարգացման և ընդլայնման հնարավորություններն օգտագործելու շնորհիվ: