Փաշինյանը տուն չունի․ որքա՞ն աշխատավարձ է ստացել վարչապետը 1 տարում. banksnews.am

2023 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 16․7 մլն դրամ աշխատավարձ, որը 2022թ. համեմատ ավելի է 4․8 մլն դրամով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Թեև այս պահին՝ մայիսի 14-ի 10:00-ի դրությամբ, կայքի հայտարարագրերի ռեեստրում բացակայում են հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալները, այդ թվում և՝ Նիկոլ Փաշինյանինը:
Այս տարի բացակայում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտարարագիրը։ Նիկոլ Փաշինյանի հետ անցած տարի բնակվել են կինը և դուստրերը, իսկ որդին փոխել է բնակության վայրը և 2023 թ. հայտարարագրում այլևս «ընտանիքի անդամների մասին տվյալների» բաժնում չի ներկայացրել հայտարարագիր։
ՀՀ վարչապետը, ըստ ներկայացված հայտարարագրի, որևէ անշարժ գույք չունի։
Փաշինյանը 3 մլն 426 հազար դրամ ավանդ է հայտարարագրել, բանկային հաշիվների վրա շուրջ 830 հազար դրամ գումար ունի։ Բացի այդ 2023թ. հայտարարագրում էլ նրա բանկային հաշիվների մեջ 1 տողի տվյալներն ամբողջությամբ պաշտպանված են, այսինքն՝ փակ են։ Որպես կանխիկ՝ վարչապետը հայտարարագրել է 800 դոլար և 950 հազար դրամ։
Փաշինյանը «Անտարես հոլդինգ» ընկերությունից, որպես հեղինակային վարձատրություն, ստացել է 121 հազար դրամ։
Վարչապետն անցած տարի Հայէկոնոմբանկից ստացել է 1 մլն 335 հազար դրամ վարկ և մոտ 10 հազար եվրո ու 411 հազար դրամ այլ եկամուտ։ 2023 թ-ին նա վճարել է 11 հազար 126 եվրո և 4․7 մլն դրամ՝ որպես ուսման վարձ։
Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ «Մեր տպարանը» ՍՊԸ-ում։
Իսկ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարագրել է 2 անշարժ գույք․ բնակարան Շենգավիթում և 4/9 բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, 3 ավտոմեքենա՝ RENAULT, VAZ, NISSAN մակնիշի։ Վարչապետի կինը բանկային հաշիվների վրա գումար չունի, ոչ էլ կանխիկ գումար։
Մանրամասները՝ այստեղ