Աշխարհի ամենախոշոր բանկը քննարկում է Հայաստանի հետ ուղիղ կապեր հաստատելու հնարավորությունը
Ամերիկյան JP Morgan Chase-ը (աշխարհի խոշորագույն բանկը ըստ կապիտալիզացիայի) դիտարկում է հայկական բանկերի հետ ուղիղ կապեր հաստատելու հնարավորությունը:
Լրագրողին անանուն մնալու պայմանով հայտնեցին հայկական և արտասահմանյան բանկային ոլորտի մի քանի ներկայացուցիչներ։
Նրանց խոսքով` բանակցությունները դեռ չեն ավարտվել, սակայն այս բանկն առաջին անգամ չէ, որ քննարկում է հայկական բանկերի թղթակցային հաշիվները բացելու հնարավորությունը:
Ներկայում ամերիկյան բանկերից Հայաստանի հետ թղթակցային հաշիվներ պահում է միայն Citibank-ը (ճիշտ է՝ արդեն երկար տարիներ)։ Սա առավել ուշագրավ է, քանի որ մի քանի տարի առաջ նմանատիպ ծառայությունների մատուցումը դադարեցրել էր գերմանական խոշորագույն բանկերից մեկը. նրան չէին բավարարում հայկական շուկայի փոքր ծավալներն ու դրանից ստացված ոչ բավարար եկամուտները:
Եվրոպական մի շարք այլ բանկեր շարունակում են թղթակցային հաշիվների ծառայություններ մատուցել հայկական բանկերին: ԱՄՆ բանկերում նման հաշիվների շնորհիվ տեղական ֆինանսական հաստատությունները կկարողանան կրճատել դոլարային գործարքների ծախսերը (քանի որ նրանց և ամերիկյան ֆինանսական համակարգի միջև միջնորդներ չեն լինի՝ ի դեմս երրորդ երկրների բանկերի):