Քաղաքաշինության ոլորտի մասնագետներն ու կազմակերպությունները հավաստագրվում և լիցենզավորվում են էլեկտրոնային հարթակում

Տարեսկզբից մեկնարկել են քաղաքաշինության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններով նախատեսված՝ մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզիաների դասակարգման գործընթացները։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը։
«Մասնագետների հավաստագրումն իրականացնում ենք հիմնականում երկու ուղղություններով՝ առաջինն այն անձանց, ովքեր նախկինում ներգրավված են եղել լիցենզիաների ներդիրներում, և երկրորդը՝ այն մասնագետներին, որոնք ներգրավված են լիցենզավորված կազմակերպություններում, բայց պատասխանատու անձ չեն հանդիսանում։ Երկու խմբի մասնագետներն էլ պետք է ներկայացնեն կատարված առնվազն մեկ աշխատանք, իսկ ներդիրում չընդրգկված մասնագետները նաև պետք է կցեն իրենց ներգրավվածությունը տվյալ կազմակերպության կողմից իրականացված աշխատանքներում հիմնավորող փաստաթուղթ։ Կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, օբյեկտների ռիսկայնության աստիճանից՝ մասնագետներին շնորհվում է 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի հավաստագիր»,-պարզաբանեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ արդեն իրականացվել է մոտ 200 մասնագետների հավաստագրում։
Հաջորդ քայլը կազմակերպությունների լիցենզավորումն է, որը վերջերս արդեն մեկնարկել է։
Նա շեշտեց, որ գործող կազմակերպությունների համար սահմանվել է վերջնաժամկետ՝ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 17-ը, որի ընթացքում նրանք պետք է հասցնեն դիմել վերալիցենզավորման՝ ստանալով համապատասխան դասի լիցենզիա։
Հակառակ դեպքում վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։
Մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացներն ամբողջությամբ իրականացվում ենթվային եղանակով` Urban.e-gov.am համակարգի միջոցով։ Հավաստագիրը և լիցենզիան տրամադրվում են էլեկտրոնային տարբերակով և ունեն հսկիչ կոդեր, որոնք ցանկացած պահի կարող են ստուգվել պատվիրատուների կողմից։
Մանրամասները՝ այստեղ