Սևան համայնքը միանում է ԵՄ Կայուն էնեէգիայի շաբաթվա միջոցառումներին

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-ից մինչև 13-ը: Այս իրադարձությանը նվիրված միջոցառումներն անցկացվում են ԵՄ պետություններում և այլ երկրներում 2024 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը միավորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին և այլ շահառուների՝ Կայուն էներգիայի օրերի միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման:
2024 թվականին ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Կայուն էներգիայի օրեր են կազմակերպվում աշխարհի 60 երկրներում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող ավելի քան 12.000 համայնքներում, որոնց նպատակն է խթանել կայուն և կանաչ զարգացումը:
Էներգետիկ անցման և էներգետիկ անկախության ներկա համատեքստում Կայուն էներգիայի յուրաքանչյուր օր հնարավորություն է խթանելու վարքագծային փոփոխություններ և նորարարություններ ԵՄ-ում և ամբողջ աշխարհում էներգետիկ և կլիմայական նպատակներին հասնելու համար: Հետևաբար` պատահական չէ, որ այս տարվա էներգետիկ շաբաթն անցկացվում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Եվրոպայի համար» կարգախոսի ներքո:
Այս կարգախոսն արդիական է նաև մեր երկրի համար՝ էներգետիկ անվտանգության ապահովման և ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն համատեքստում:
Միջոցառումներ կազմակերպելիս համայնքները կարող են ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Մասնավորապես, միջոցառումները կարող են կենտրոնանալ իրազեկվածության բարձրացման, յուրահատուկ գործողությունների, որոշակի տեխնոլոգիաների կամ քաղաքականության վրա, որոնք կարող են վերաբերել ինչպես համայնքին, այնպես էլ մարզին կամ երկրին: Միջոցառումները կարող են կազմակերպվել հանրային կամ մասնավոր շենքերում, բացօթյա կամ առցանց, անցկացվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են դպրոցները, այգիները, համայնքապետարանները, արտադրական ձեռնարկությունները, կրթական կենտրոնները և այլն:
Քանի որ 2019 թվականից ի վեր Հայաստանում Դաշնագրին անդամակցող համայնքների ակտիվ մասնակցությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթում դարձել է լավ ավանդույթ, ուստի կոչ ենք անում Ձեզ մասնակցել 2024 թվականին անցկացվող շաբաթվան՝ կազմակերպելով և անցկացնելով համապատասխան միջոցառումներ:
Համայնքապետարանները և շահառուները ազատ են միջոցառումների կազմակերպման ձևաչափի, վայրի և ժամանակի ընտրության հարցում՝ հետևյալ պայմաններով.
• Կազմակերպվող միջոցառումները պետք է համահունչ լինեն շաբաթվա կարգախոսին՝ անդրադառնալով էներգետիկ ռեսուրսների արդյունավետ սպառման և, մասնավորապես, հանածո վառելիքների սպառման նվազեցման, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության խնդիրներին:
Միջոցառումների հիմնական թիրախային խմբերը երեխաներն են և երիտասարդները:
Միջոցառումները պետք է անցկացվեն մինչև հունիսի 14-ը:
Անհրաժեշտ է կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով ապահովել համայնքներում կազմակերպվող միջոցառումների առավելագույն տեսանելիությունը:
Հաշվի առնելով կայուն էներգիայի օրերի կազմակերպման միջազգային և տարածաշրջանային փորձը՝ ամենատարածված միջոցառումները (այդ թվում նաև առցանց ձևաչափով) հետևյալն էին.
• թեմատիկ նկարչական ցուցահանդեսներ և/կամ մրցույթներ,
• թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսներ և/կամ մրցույթներ,
• կարճ թեմատիկ տեսանյութերի մրցույթներ,
• շարադրությունների մրցույթներ,
• թեմատիկ ինտելեկտուալ վիկտորինաներ,
• ֆլեշմոբեր,
• շրջակա միջավայրի, կլիմայի և էներգիային առնչվող միջոցառումներ,
• հեծանվավազք համայնքի փողոցներում,
• էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների, սարքավորումների և նյութերի վերաբերյալ կրթական շնորհանդեսներ և ցուցահանդեսներ
• տեղեկատվական հանդիպումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, զրույցներ և թեմատիկ դասեր երիտասարդների համար, բաց դասեր երեխաների համար: