Կայացել է «Խնամատարության զարգացման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում» աշխատաժողովը

Կայացել է «Խնամատարության զարգացման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում» աշխատաժողովը

Ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ՝ կարևորելով երեխայի լավագույն շահի ապահովումն ու ընտանիքի դերը վերջինիս սոցիալականացման գործընթացում՝ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի ներկայիս գործընթացին և զարգացման հեռանկարներին նվիրված աշխատաժողով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Խնամատարության զարգացման ընթացքը Հայաստանի Հանրապետությունում» աշխատաժողովն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։  

Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՏԿԵ նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող գործընկեր կազմակերպություններից, մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է խնամատարության ներկայիս գործընթացը, քննարկվել նախատեսվող օրենսդրական փոփոխություններն ու զարգացման հեռանկարները։ Իրենց ելույթներում բանախոսները շեշտել են գործընթացում ներգրավված մասնագետների և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց կարողությունների զարգացման, ինչպես նաև մարզերում և Երևան քաղաքում մասնագիտական թիմերի ձևավորման անհրաժեշտությունը։

Ներկայացնելով խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ պետության քաղաքականությունը՝ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ գործընթացը շարունակում է լինել ոլորտային առաջնահերթություններից։ Նախարարի տեղակալի խոսքով՝ թեև խնամատար ընտանիքների թիվը շարունակում է աճել, սակայն գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նախաձեռնվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք հնարավորություն կստեղծեն լիարժեք ապահովել երեխաների լավագույն շահը։ 

«Բովանդակային առումով լուրջ անելիք ունենք․ նախատեսում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում ունենալ հստակեցված օպերացիոն համակարգեր, կիրառել մարդկային կարողությունների զարգացմանը միտված մոդուլներ, կազմակերպել վերապատրաստման գործընթացներ»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը։ Իրականացվող աշխատանքներում նախարարի տեղակալը կարևորել է նաև գործընթացում ներգրավված ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և գործընկեր այլ կազմակերպությունների դերը՝ նշելով, որ միայն վերջիններիս ակտիվ մասնակցությամբ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի։

Խնամատարության ինստիտուտի ներկայի և զարգացման հեռանկարի մասին է խոսել ԱՍՀ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։ Բանախոսն իր ելույթում մանրամասնել է խնամատարության ինստիտուտի ներդրման շրջանակում առաջացած խնդիրները, օրենսդրական կարգավորումների և միջավայրային խնդիրները։ Այս գործընթացում կարևորվել է ճիշտ թիրախների սահմանման, համապատասխան գործիքակազմի առկայությունը,  բազմամասնագիտական խմբերի գործունեությունը։

Աշխատաժողովի մյուս բանախոսները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանն իրենց ելույթներում կարևորել են ԱՍՀՆ հետ համագործակցությունը և այս համատեքստում ընդգծել յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքների դերը։

Վերջինս մանրամասնել է «Հայաստանում արտակարգ իրավիճակների պատրաստվածության և դիմակայունության ապրապնդում» ծրագրի շրջանակում խնամատարության գործընթացի զարգացմանն ուղղված աշխատանքները։ Խոսելով ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքի մասին՝ Հայկ Խեմչյանը նշել է, որ խնամատարության ինստիտուտը շարունակաբար զարգանում է. և՛ ընտանիքներին տրվող ֆինանսավորումն է ավելանում,  և՛ խնամատար ընտանիքներում տեղավորվող երեխաների թվի աճ է նկատելի։

«Խնամատարությունը պետք է պրոֆեսիոնալիզացիայի ենթարկվի․ հուզական բաղադրիչից զատ, այն պետք է լինի պետության կողմից պատվիրակված պրոֆեսիոնալ ծառայություն։ Այս համատեքստում կարևոր է նաև երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի մյուս բաղադրիչների հավասար զարգացումը․ դրա բացակայության դեպքում՝ խնամատարությունը չի կարող արձանագրել այն արդյունքը, որոնք մենք ակնկալում ենք այսօր»,- նշել է Հայկ Խեմչյանը։ 

ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանն անդրադարձել է խնամատարության զարգացման գործընթացում մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և այլ շահեկից կողմերի հետ համագործակցությանը։ Այս համատեքստում խոսվել է խնամատարության ինստիտուտի զարգացման նախադրյալների մասին և կարևորել այս գործընթացում ներգրավված տարբեր օղակների միջև դերային պարտավորությունների ճիշտ բաշխումը։

Աշխատաժողովի ընթացքում ներկաները մասնակցել են խմբային աշխատանքի, որից հետո հանդես եկել խնամատարության գործընթացի լավարկմանն առնչվող  առաջարկներով և դիտարկումներով․ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով ապահովել հաջորդական բարեփոխումներ։