Դիլիջանում մեկնարկեց Ֆինանսական ներգրավվածություն քաղաքականության 13-րդ փորձագիտական խմբի երկօրյա հանդիպումը

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 15-ին մեկնարկեց Ֆինանսական ներգրավվածության միության (AFI) հետ համատեղ կազմակերպված Ֆինանսական ներգրավվածություն քաղաքականության (EGFIP) 13-րդ փորձագիտական խմբի երկօրյա հանդիպումը, որն ուղեկցվելու է վերապատրաստման ծրագրով:
Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից` վեց երկրների (Հայաստան, Տաջիկստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան և Հյուսիսային Մակեդոնիա, որը վերջերս է միացել խմբին) ֆինանսական հատվածի կարգավորողներն ու քաղաքականություն մշակողները՝ ավելի քան 30 մասնակից, որոնք ներկայացնում են AFI-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության նախաձեռնությունը (ECAPI), Դիլիջանում հանդիպել են գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով։
ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար, ECAPI Ֆինանսական ներգրավվածության քաղաքականության (EGFIP) փորձագիտական խմբի նախագահ Արմենուհի Մկրտչյանն իր բացման խոսքում ընդգծեց այս հավաքի կարևորությունը։
«Հայաստանում այս հանդիպման կազմակերպումը թույլ է տալիս մեզ արտահայտել մեր նվիրվածությունը տարածաշրջանում ֆինանսական ներգրավվածության բարձրացման և վերջինիս նախաձեռնությունների տարածման գործում», - նշեց Արմենուհի Մկրտչյանը։
Երկօրյա (Մայիսի 15-16) քննարկումները կենտրոնանալու են 2024-2028 թթ. աշխատանքային պլանի ձևավորման վրա՝ անդրադառնալով այնպիսի նորարարական թեմաներին, ինչպիսիք են Fintech-ը, Suptech-ը, թվային արժույթները, ինչպես նաև ավանդական ոլորտներին` ֆինանսական կրթությանը և սպառողների շահերի պաշտպանությանը:
Այս միջոցառումն առանձնահատուկ կերպով ընդգծում է Հայաստանի շարունակական հանձնառությունը ֆինանսական ներգրավվածության ոլորտում փորձ և գիտելիքներ փոխանակելու նախաձեռնման և առաջնորդման հարցում: