Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը

Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը

ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, այսօր Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և թվայնացում EBRD TFP երկրներում» թեմայով պանելային քննարկումը: Դրան մասնակցել են ներկայացուցիչներ ՎԶԵԲ-ից, Մոնղոլիայի, Վրաստանի և Հայաստանի առևտրային բանկերից:

Կոնվերս Բանկի Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանն իր խոսքում նշել է. «Թեև Հայաստանում ֆակտորինգային ֆինանսավորումը ներկայացված է բավականին վաղուց, դրանում ներգրավված են սակավաթիվ ֆինանսական հաստատություններ: Կոնվերս Բանկը դրանցից մեկն է. ներկայում մենք որոնում ենք լավագույն լուծումները և միջազգային փորձառությունը Հայաստանում ադապտացնելու, ֆակտորինգի պրոդուկտը բարելավելու և մեր հաճախորդներին առաջարկելու համար: Ֆակտորինգի նկատմամբ պահանջարկի աճի տեսանկյունից կարևորում ենք օրենսդրական դաշտի բարելավումը, պրոդուկտի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ ջանքերով թվային հարթակի ստեղծումը ֆակտորինգի տրամադրման ողջ գործըթացը սպասարկելու նպատակով»:

Bank of Georgia-ի ներկայացուցիչ Փիքրիա Կեկլիան ներկայացրեց Վրաստանի փորձը՝ ֆակտորինգի հետագա զարգացման ու պրոդուկտի նկատմամբ պահանջարկի աճի տեսանկյունից կարևորելով ոլորտում ներգրավված կառույցների թվի ավելացումը:

Քննարկման ավարտին նշվեց, որ ներկայում ՎԶԵԲ-ը համապարփակ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին ֆակտորինգի ֆինանսավորման ոլորտի զարգացման հարցում: Աջակցության միջոցառումները կընդլայնվեն՝ ներառելով նաև լոկալ ֆակտորինգի զարգացումը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: