Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին: 

Ըստ ՀՀ ազգային ժողովի հաղորդագրության` Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերոջն իր հրավերն ընդունելու եւ Հայաստան ժամանելու համար:

Զրուցակիցներն արձանագրել են երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները եւ կարեւորել դրանց հետագա զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացմանն ու այդ հարցում Լեհաստանի աջակցությանը:

Բոգդան Կլիխը հայտնել է, որ եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներում Հայաստանը կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը, որոնք մեծ փորձառություն ունեն ԵՄ-ին առնչվող բոլոր ոլորտներում:

Քննարկվել են նաեւ աշխարհաքաղաքականությանը, խաղաղությանն ու ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր:

2025 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդում Լեհաստանի նախագահությանն ընդառաջ՝ կողմերը պայմանավորվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեւավորել առավել խորացված համագործակցություն:

Պատգամավորներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, առեւտրային կապերի եւ ներդրումների խթանմանն առնչվող հարցերի: