ԵՄ աջակցությամբ Լոռու մարզում տնտեսության, գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր են իրականացվում
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, մայիսի 17-ին՝ «Եվրոպայի օրեր 2024» տոնակատարությունների շրջանակներում, մասնակցել են Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրում գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպված «ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Ավելի ուժեղ ենք միասին» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին:
Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը, գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, եվրոպացի երիտասարդ դեսպաններ, ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի մասնակիցներ, հյուրեր:
Մինչ միջոցառման պաշտոնական բացումը, Լոռու մարզպետը շրջել է ՍՄԱՐԹ կենտրում, նրան ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու նպատակները:
«Եվրոպայի օրեր 2024» միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը: Դեսպանը կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանի մարզերում: Նշել, որ ԵՄ-ն ընդարձակում է Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի ամրապնդել կապերը՝ հիմքում ունենալով Հայաստանի հետ համատեղ արժեքների նկատմամբ փոխադարձ հանձնառությունը:
Ողջույնի իր խոսքում Լոռու մարզպետը կարևորել է Եվրամիության և Հայաստանի, այդ թվում՝ Լոռու մարզի հետ սերտ համագործակցությունը, մարզի զարգացմանն ուղղված բազմազան ծրագրերը՝ տնտեսության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, փոքր և միջին ձեռներեցության, քաղաքացիական հասարակության, երիտասարդների հզորացման և այլ ոլորտներում:
Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը մարզի տարբեր բնակավայրերում իրականացված մեծածավալ ծրագրերի համար, պատրաստակամություն հայտնել նպաստելու Եվրոպական երկրների հետ գործընկերային և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը: Մարզի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել «Եվրոպայի օրեր 2024» միջոցառումը Լոռու մարզում անցկացնելու համար:
Հանդիպման ընթացքում Լիանա Ղալթաղչյանը ներկայացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականացվող ծրագրերը և դրանց մեծ ազդեցությունը գյուղական բնակավայրերի կենսամակարդակի բարձրացման վրա:
Կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում այցելուները տեղեկացել են Հայաստանում Եվրոպական միության օժանդակությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին, ծանոթացել գործակցության շնորհիվ ստեղծված և տոնավաճառին ներկայացված տեղական արտադրատեսակներին:
Արամ Ղազարյանն ու Վասիլիս Մարագոսը շրջել են տաղավարներում, զրուցել տեղական արտադրողների հետ:
Միջոցառման շրջանակներում քննարկումներ են իրականացվել ԵՄ-ի աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ազդեցության և արդյունքների վերաբերյալ: Տեսաֆիլմի միջոցով ներկայացվել են արդյունավետ իրագործված կարևոր նախագծեր: Կազմակերպվել է նաև մեդիագրագիտության աշխատարան:
Եվրոպայի օրը եզրափակվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգային ծրագրով, որտեղ «Շնորհակալություն Շառլ» երաժշտական ծրագրով ելույթ են ունեցել հայտնի երաժիշտներ։