ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

2024 թվականի մայիսի 20-ին շրջանառության մեջ է դրվում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։

Դիմերես՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.):                                                                         
Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն: 
Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Կարեն Մելիքյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը  10 000 դրամ  
Մետաղը/հարգը  ոսկի 9990  
Քաշը  8,6 գ  
Տրամագիծը  22,0 մմ  
Որակը  պրուֆ  
Դրամաշուրթը  ատամնավոր  
Թողարկման քանակը  500 հատ  
Թողարկման տարեթիվը  2024  

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ:

Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում:

Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1956 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: 

Երաժշտական կարիերայի ընթացքում հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Նա», «Երկու կիթառ», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն, ձայնագրել է մոտ 1400 երգ տարբեր լեզուներով: Հայաստանին նվիրված երգերի շարքում են «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Քնքուշ Հայաստան» երգերը: 

Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում, հեղինակ է մի շարք գրքերի: 

1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան, 2016 թ. որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը՝ կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։

Արժանացել է բազմաթիվ պետական բարձրագույն պարգևների և կոչումների, որոնց շարքում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը (ասպետի, սպայի և կոմանդորի աստիճաններ), Հայաստանի ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի շքանշանը: 2009 թ-ից եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 

Ազնավուրի ստեղծագործությունը բանաստեղծության, երաժշտության և դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ 200 միլիոն ձայնասկավառակ։ 

Ազնավուրի անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը, Գյումրիում կանգնեցված է նրա հուշարձանը: