Միջուկային անվտանգության միջազգային համաժողովում ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին միացել է նաև Հայաստանը

Միջուկային անվտանգության միջազգային համաժողովում ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին միացել է նաև Հայաստանը
Մայիսի 20-21-ը Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի նախարարական հատվածի շրջանակներում ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին ի թիվս մասնակից մյուս երկրների միացել է նաև Հայաստանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, մասնակից երկրների հետ համատեղ աշխատանքների արդյունքում հայտարարության տեքստում արտացոլվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, մասնավորապես.
․մասնակից երկրներն, ի թիվս այլ պարտավորությունների, հանձնառություն են ստանձնում պահպանելու և ամրապնդելու միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի և օբյեկտների համապարփակ անվտանգությունը,
․անհանգստացած են միջուկային անվտանգության համար առկա և զարգացող սպառնալիքներով և հանձնառու են դրանց հասցեագրմանը,
․ընդգծում են, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կամ հարձակման սպառնալիք կարող է վտանգել միջուկային անվտանգությունը և վկայակոչում են այդ ուղղությամբ իրենց պարտավորությունները, որոնք արտացոլված են մասնավորապես ԱԷՄԳ Գլխավոր Կոնֆերանսի համապատասխան բանաձևերում և որոշումներում։