ՊԵԿ․ ի՞նչ պարտավորություն ունի գործատուն աշխատանքի ընդունելիս

ՊԵԿ․ ի՞նչ պարտավորություն ունի գործատուն աշխատանքի ընդունելիս
Հարկ վճարողը վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս պարտավոր է․
 
-ընդունել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ կնքել գրավոր պայմանագիր, իսկ նոր աշխատողի համար` օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնել գրանցման հայտ,
-կամավոր աշխատանքի դեպքում՝ աշխատողի հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր,
-նախքան աշխատանքի ընդունվելը մասնագիտական ուսուցում անցնողների հետ կնքել համապատասխան պայմանագիր
-աշխատանքային պրակտիկա անցնող փորձնակների հետ կնքել փորձնակի գրավոր պայմանագիր,
-հայտարարագրել վճարված իրական եկամտի չափը և կատարել դրանից բխող հարկային պարտավորությունները։
Ի՞նչ ժամկետում է ներկայացվում նոր աշխատողի գրանցման հայտը
Հարկ վճարողը գրանցման հայտը պետք է ներկայացնի նոր աշխատողին աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն:
Ո՞ր դեպքում է գործատուն խախտում օրենքը
Աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է գրավոր չձևակերպված, եթե գործատուն չի ընդունել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը կամ չի կնքել գրավոր պայմանագիրը և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում չի ներկայացրել գրանցման հայտ, ինչպես նաև այն դեպքում, եթե անձը ներգրավվել է կամավոր աշխատանքի առանց դրա մասին պայմանագիր կնքելու:
Որքա՞ն է տուգանքի չափը
Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձևակերպելու դեպքում գործատուից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի կամ կամավոր աշխատանք կատարող անձի համար 250.000 դրամի չափով:
ՊԵԿ-ը հորդորում է.
Աշխատանքի ընդունվելիս՝ պահանջե՛ք գործատուից օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպել Ձեր աշխատանքի ընդունումը, ինչը միակ երաշխիքն է հետագայում Ձեր աշխատանքային ստաժը և կենսաթոշակային իրավունքների իրականացումն ապահովելու համար: