Տեսչական մարմինը ստուգելու է նաև դեղերի էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնելու հետ կապված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանված լինելը

Տեսչական մարմինը ստուգելու է նաև դեղերի էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնելու հետ կապված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանված լինելը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․
2024 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» N 287-Ն որոշումը, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ։
Վերոնշյալ որոշմամբ, ի թիվս այլնի, կարգավորվել է նաև էլեկտրոնային եղանակով դեղատոմսեր գրելու, էլեկտրոնային դեղատոմսերով դեղեր բաց թողնելու հետ կապված հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման համաձայն բոլոր թղթային դեղատոմսերը, այդ թվում` անվավեր ճանաչված, պահվում են դեղը բաց թողած դեղատանը՝ ըստ բացթողման ամսաթվերի, ստորև նշված ժամկետներով և դրանց պահպանվածությունը ապահովող պայմաններում.
1) NN 1 և 2 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 10 տարի,
2) N 3 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 5 տարի,
3) N 4 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 180 օր։
Էլեկտրոնային դեղատոմսերն ինքնաշխատ եղանակով պահպանվում են համակարգում՝ անժամկետ։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով վերոգրյալը, ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ իր կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև հարուցված վարչական վարույթների շրջանակներում ստուգելու է նաև բոլոր էլեկտրոնային դեղատոմսային դեղերի դեղատոմսով բաց թողնելու հետ կապված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանված լինելը (2024 թվականի մարտի 1-ից սկսած՝ անկախ նրանից թե վերահսկողությունը երբ է իրականացվելու) և իրավախախտում հայտնաբերելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով և չափով կիրառելու է վարչական պատասխանատվության միջոց: