Տնտեսական աճն ուռճացված է, դրա 1/3-ը ապահովվել է ոսկու վերաարտահանման հաշվին. Ֆանյան. SPUTNIK Արմենիա

Տնտեսական աճն ուռճացված է, դրա 1/3-ը ապահովվել է ոսկու վերաարտահանման հաշվին. Ֆանյան. SPUTNIK Արմենիա

Այս տարվա 1-ին եռամսյակում արձանագրված 9.2% տնտեսական աճի ցուցանիշն իրականում 6 %–ի շրջակայքում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը`մեկնաբանելով վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ ամենամեծ աճը` 31.1%, գրանցվել է մշակող արդյունաբերության ոլորտում։ Ֆանյանի դիտարկմամբ, այս բնագավառում նման աճը հիմնականում պայմանավորված է ոսկերչական ապրանքների վերարտահանմամբ։

«Ունենալով այդ ոլորտի թողարկման ցուցանիշները` վստահաբար կարող ենք ասել, որ հիմնական մասը պայմանավորված է ոսկերչության թողարկման աճով։ Իսկ ոսկերչության ոլորտում, ինչպես գիտենք, կան նաև գործարքներ, որոնք ռեէքսպորտի բնույթ ունեն, կամ շատ քիչ վերամշակման են ենթարկվում։ Այս պատկերն ամբողջանում է ԱԱՀ–ի հաշվարկման միջոցով։ Եթե ոսկերչության ոլորտի էֆեկտը հանենք, աճը, թերևս կլինի 6%–ի շրջակայքում», – կարծում է Ֆանյանը։

Ընդ որում, տնտեսագետը համոզված է, որ այդ հավելյալ 3%–անոց աճը ՀՆԱ–ի ցուցանիշում հաշվարկվել է վիճակագրության ոչ ստույգ հաշվարկի արդյունքում։

«ՀՆԱ–ն հաշվարկվում է «թողարկում–միջանկյալ սպառում» բանաձևով։ Իսկ սպառման ցուցանիշները ստանալու համար որոշակի ժամանակային լագ է անհրաժեշտ լինում։ Դիցուք` հիմա 2024թ–ի 1-ին եռամսյակի ՀՆԱ–ն գնահատելու համար օգտագործվում է 2022թ–ի արդյունքները, որն ունի վիճակագրությունը։ Իսկ մենք գիտենք, որ 2022-ին վերաարտահանման կոմպոնենտը չկար։ Այսինքն` իրական բուն արտադրություն և արտահանում էր։ Եվ, բնականաբար, ուրիշ պատկեր էր ցույց տալիս»,– ասում է Ֆանյանը` արձանագրելով, որ ոսկու ու ադամանդի վերաարտահանումը Հայաստանից սկսվել է 2023թ–ից։

Վիճակագրական այս հաշվարկի արդյւնքում էլ, ըստ տնտեսագետի, մշակող արդյունաբերության ընդհանուր ցուցանիշը աննախադեպ աճ է գրանցել` իր հերթին ուռճացնելով ՀՆԱ–ի աճի ընդհանուր ցուցանիշը։

2023թ–ին ՀՀ–ից արտահանվել է 1.8 մլրդ դոլարի ոսկի և 589 միլիոն դոլարի ադամանդ։

Ավելին`   arm.sputniknews.ru