SPUTNIK Արմենիա. Կգերադասեն դատարան չդիմել և համակերպվել խախտված իրավունքի հետ. փաստաբանը` նախագծի մասին

SPUTNIK Արմենիա. Կգերադասեն դատարան չդիմել և համակերպվել խախտված իրավունքի հետ. փաստաբանը` նախագծի մասին

Իրավաբանական ծառայությունների թանկացման դեպքում մարդիկ հաճախ ստիպված կլինեն հրաժարվել փաստաբանի ծառայությունից` համակերպվելով իրենց խախտված իրավունքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանը` խոսելով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծի հնարավոր հետևանքների մասին։

«Իրավաբանական պատշաճ օգնություն չստանալով` քաղաքացին կարող է նաև դատական գործեր պարտվել։ Ասինքն` սա բացասական հետևանքների մի ամբողջ շղթա է ենթադրում», – ասաց փաստաբանը։

Հարկային օրենգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծով նախատեսվում է փաստաբանական գործունեությունը հանել շրջանառության հարկով հարկման պարզեցված համակարգից։ Օրենքի ընդունման դեպքում ս.թ. հոկտեմբերից փաստաբաններն իրենց ծառայությունների դիմաց ստացած հասույթի 5%–ի փոխարեն ստիպված կլինեն վճարել 10% շրջանառության հարկ, իսկ 2024թ–ից` 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ։ Այսինքն` 1 տարվա ընթացքում հարկային բեռը կավելանա շուրջ 38 տոկոսով։
Կարեն Մեժլումյանի և փաստաբանական համայնքի այլ նեկայացուցիչների գնահատմամբ` այս թանկացումը կբերի նաև իրավաբանական ծառայությունների գների բարձրացման` ՀՀ քաղաքացիների մի մասին զրկելով որակյալ ծառայություն ստանալու իրավունքից։
Բացի այդ, օրինագծով փաստաբանները զրկվում են նաև անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու հնարավորությունից, քանի որ ավելացված արժեքի հարկման դաշտում մատուցված ցանկացած ծառայություն ենթակա է լինելու հարկման` անկախ այն հանգամանքից` այն իրականում վճարովի է մատուցվել, թե անվճար։
«Այսինքն` և՛ մենք ենք զրկվելու որևէ մեկին անվճար ծառայություն մատուցելու հնարավորությունից, և՛ մեր հաճախորդներն են զրկվելու, և՛ պետության բեռն այդ առումով ծանրանալու է»,– նշեց Մեժլումյանը` արձանագրելով, որ պետության կողմից տրամադրվող հանրային պաշտպանի ծառայություններից օտվելու իրավունք ունեն ոչ բոլոր քաղաքացիները, այլ միայն օրենքով սահմանված խմբերը։ Հետևաբար, անվճար պաշտպան պետությունը ոչ բոլորին է տրամադրելու։ Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք ի վիճակի չեն լինի փաստաբան վարձել, կզրկվեն իրենց սահմանադրական այդ իրավունքից։

«Օրինակ` եթե իրենց տուգանեն, կգերադասեն դատարանում չվիճարկել տուգանքի օրինականությունը, կասեն. «փաստաբանին վճարենք, դիմենք դատարան, բայց հայտնի չէ, թե ինչ արդյունք կլինի, ավելի լավ է` միանգամից տուգանքը վճարենք»։ Երբ ծառայությունը թանկանում է, հանրության ինչ–որ հատված հրաժարվում է իր այդ իրավունքից օգտվել, այսինքն` համակերվում է իր իրավունքի խախտման փաստի հետ, որովհետև ուղղակի չի կարող վճարել։ Այնպես որ միանշանակ է, որ փաստաբաններին դիմողների թիվը նվազելու է», – կարծիք հայտնեց փաստաբանը։

Ավելին`  arm.sputniknews.ru