Սև և գունավոր մետաղյա իրերի արտահանման ժամանակավոր արգելքը ԵԱՏՄ և 3–րդ երկրներ երկարաձգվեց

Սև և գունավոր մետաղյա իրերի արտահանման ժամանակավոր արգելքը ԵԱՏՄ և 3–րդ երկրներ երկարաձգվեց

Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց, այն կգործի 2024 թ. հուլիսի 30–ից մինչև 2025 թ. հունվարի 30–ը։ Որոշումն ընդունվեց այսօրվա ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Նախագծի նպատակն է զարգացնել տեղական արտադրությունը և ապահովել հումքային բազայով, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով խթանել Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը», – ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նշվում է, որ սև և գունավոր մետաղներից արտադրանքը Հայաստանի համար ռազմավարական արտադրանք է և կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։
Վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվել է Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանում։ Ի դեպ, ԵԱՏՄ որոշ երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ երկրներ։
Նախագծում նշվում է` երբ առաջին անգամ կիրառվեց արտահանման ժամանակավոր արգելքը, զգալի աճեցին մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես 2021 թ. պողպատի ձուլագլանվածքների արտադրությունը աճեց 8.4 անգամ։

Աղբյուրը`   arm.sputniknews.ru