Առավել ճկուն կդառնան գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները

Առավել ճկուն կդառնան գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները

Գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացին դիտորդների միջոցով մասնակցելու հնարավորություն: Հաշվառված կազմակերպությունները և դիտորդների տվյալները կհրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում, դիտորդներին կտրամադրվեն վկայականներ, որոնք անխոչընդոտ կապահովեն գործընթացներին մասնակցության հնարավորությունը: Կառավարության որոշման ընդունումը նպատակ ունի շարունակաբար բարելավել պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը:

Արդյունքում՝ կբարելավվի պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը:

Վարչապետը որոշման հետ կապված նշել է. «Մենք երկու տարի առաջ որոշումն ընդունել էինք, բայց հիմա մոնիտորինգ ենք արել և տեսել ենք, որ այդքան էլ ակտիվ չեն: Հիմա փորձում ենք պարզեցնել սխեմաները, որպեսզի լրագրողները, հասարակական կազմակերպությունները և մրցակիցներն ավելի ակտիվ վերահսկեն մյուսների գործունեությունը»:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի խոսքով, պիլոտային եղանակով Ֆինանսների նախարարության գործընկերների, հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ արդեն իսկ իրականացվել է երկու շրջայց և Քաղաքաշինության կոմիտեն պատրաստակամություն է հայտնել վերապատրաստման կուրսերի իրականացման մասով:

Կառավարության ղեկավարի խոսքով, այս որոշման լավարկումն ի ցույց է դնում թափանցիկության սկզբունքի նկատմամբ կառավարության վերաբերմունքը: