Հայրենական 10 ընկերություններ ներկայացնում են Հայաստանը «VivaTech-2024»-ում

Հայրենական 10 ընկերություններ ներկայացնում են Հայաստանը «VivaTech-2024»-ում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ  հայրենական 10 ընկերություններ  «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարի ներքո մայիսի 22-24-ը Փարիզում մասնակցում են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝  «VivaTech-2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Նախարարությունը, կարևորելով հայկական տեխնոլոգիական ներուժի միջազգային ներկայացվածությունը, այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին միասնական տաղավարով ցուցադրել իրենց նորարարական լուծումները, արտադրանքն ու նվաճումները միջոցառման այցելուներին և մասնակիցներին:

Ամենամյա հեղինակավոր միջազգային հարթակում Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու նվաճումներն արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, ֆինանսական և սպորտային տեխնոլոգիաների ոլորտներում այս տարի ներկայացնում են ԱՏՁՄ-ն, «Մետրիկ», «Իզիթեք», «Սոֆթ Կոնստրակտ», «Վիթուվի», «ՖայվԲրէյն Լաբս», «Հեքս Դիվիժն», «Դիջի Սոֆթ», «Նեքստստեք», «Ադեվից» ընկերություննները և որպես այցելու՝ «Ինորեյն»-ը, «Արփինետ»-ը և «Զլինկ» գիտակրթական ՀԿ-ն:

Միջոցառումը հնարավորություններ է ստեղծում նաև ծանոթանալու ոլորտի միջազգային միտումներին ու զարգացումներին, ձեռք բերելու նոր գործընկերներ, հաստատելու գործարար կապեր: 

«VivaTech-2024» 8-րդ միջազգային ցուցահանդեսը համախմբել է 1000-ից ավելի ստարտափների՝ աշխարհի տարբեր երկրներից։