Ազգային ժողովում քննարկվել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները

Ազգային ժողովում քննարկվել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները

Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը կաթի մթերման ոլորտում առկա խնդիրների համատեքստում» թեմայով իր նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում: Այս մասին հաղորդում են ՀՀ ազգային ժողովից։

Պատգամավորի խոսքով Կառավարությունը խթանում է գյուղատնտեսության այս ճյուղը եւ Էկոնոմիկայի նախարարության միջոցով ավելացնում է դրա զարգացմանն ուղղված պետական ֆինանսավորումը:

Խնդիրը քննարկվել է պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների տնօրենների, ՀՀ միջազգային գործընկերների, ֆերմերների հետ:

Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը ներկայացրել է կաթի շուկայում առկա իրավիճակը: Նա նշել է, որ 2023 թվականին արտադրվել է 590,9 հազար տոննա կաթ. նախորդ տարվա համեմատ կաթի արտադրությունը նվազել է 5,2 տոկոսով: Միտումը պահպանվել է նաեւ 2024 թվականին: Առաջին եռամսյակում արտադրվել է 123,1 հազար տոննա կաթ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համամետ նվազելով 3,5 տոկոսով:

Զեկուցողն անդրադարձել է նաեւ կաթի փոշու ներմուծման ծավալներին` ընդգծելով, որ շարունակվել են ներմուծման ծավալների նվազման միտումները: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով կտրուկ նվազել է ներմուծվող կաթի փոշու գինը, ինչն ազդել է նաեւ մթերվող կաթի գնի վրա:

Ֆերմերները դժգոհել են` ընդգծելով, որ վարկեր են վերցրել, թանկ անասնակեր գնել, այլ ծախսեր կատարել, բայց եկամուտ չեն կարողանում ստանալ, քանի որ տարվա այս եղանակին իրենց ապրանքն արժեզրկվում է: Նշվել է, որ այս պահին 1 լիտր կաթը գյուղացին կարողանում է վաճառել ընդամենը 130-140 դրամով` նախորդ տարիների 200 դրամի փոխարեն: Մտահոգություն է հնչել, որ որոշ համայնքներում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է մոտ 50 տոկոսով:

Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ խնդիրը նոր չէ, այն վերջին տարիներին արդիական է դառնում հատկապես կաթի սեզոնայնության (մայիսից օգոստոս) ընթացքում:

Ելույթ ունեցողներն առաջարկել են խանութներում տարբերակված եւ մակնշված դարակաշարերով ներկայացնել անարատ կաթով եւ բուսական յուղով արտադրված թթվասերները: Այս մասով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչը փաստել է, որ պետական վերահսկողության շրջանակում հիմնականում արձանագրվում են մակնշման հետ կապված խախտումներ:

Ֆերմերների կարծիքով ոլորտը խոցելի վիճակում է, եւ Կառավարությունը պետք է համապատասխան լուծումներ գտնի: Առաջարկ է եղել նվազեցնել ներմուծվող կաթի փոշու ծավալները, ձեւավորել կաթ արտադրողների ասոցիացիա, որը կզբաղվի ոլորտի խնդիրների լուծմամբ:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է, որ գյուղացու շահերը պետք է պաշտպանված լինեն բոլոր մակարդակներով: Պատգամավորը, կարեւորելով խնդրի լուծումը, հավաստիացրել է, որ առաջիկայում Կառավարության գործընկերների հետ կձեռնարկեն հստակ քայլեր: