Առողջապահության ոլորտի բարեփոխումները և զարգացումը մեր գերակա նպատակներից են. Գեղարքունիքի մարզպետ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն և բժիշկ Պիեռ Շիլինգերը հերթական ծրագրով Գեղարքունիքի մարզում են։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ ծրագրի ներկայացուցիչները 5-օրյա ինտենսիվ դասընթացներ կանցկացնեն մարզի բուժաշխատողների համար։
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի ներկայացուցիչ, վերապատրաստող և շտապօգնության բժիշկ Պիեռ Շիլինգերը առաջին հանդիպումն անցկացրեց Գավառ համայնքի տարբեր բուժհիմնարկների ընտանեկան բժիշկների և բուժքույրերի հետ։
Վերապատրաստման թեման՝ ինչպես իրականացնել առաջին բուժօգնությունը, որպեսզի այն լինի ավելի արագ և արդյունավետ։
Վերապատրաստումն ընթացավ ակտիվ քննարկումների, պարզաբանումների մթնոլորտում, դասընթացավարի կողմից օգտագործվող դիդակտիկ պարագաների, գործիքների և նյութերի օգտագործմամբ։
Թեման ամփոփվեց մասնագիտական ցուցադրական գործողությունների միջոցով։