Այդ գումարներն ամենաշատը ծախսում են ծխախոտի, ապա բենզինի վրա. Փաշինյանը՝ անկանխիկ առևտրից թոշակառուներին վերադարձի մասին

Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել թոշակառուների համար անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը, սակայն նախատեսում է նաև բովանդակային որոշակի փոփոխություններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
«2023 թվականին թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ: Իսկ անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը թոշակառուների կողմից կազմել է 60 մլրդ 104 մլն դրամ»,–ասաց Փաշինյանը:
Նա կարևորեց այս ծրագիրը, որն օգնում է ստվերը կրճատել:
Վարչապետը խոսեց նաև որոշակի մտահոգությունների մասին:
«Վերջերս ես տեղեկանք խնդրեցի, թե ի վերջո մեր սիրելի թոշակառուներն ինչի՞ վրա են ծախսում այս գումարները: Եվ զարմանքով արձանագրեցի, որ մեծ տարբերությամբ գումարները ծախսվում են առաջին տողով ծխախոտի, երկրորդ տողով՝ բենզինի վրա: Սա մեզ առնվազն մտածելու տեղիք պետք է տա, թե ինչն է պատճառը»,–ասաց վարչապետը:
Նա այն համոզմանն է, որ պետք է զարգացնեն անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը: Թե ինչպես և երբ, կառավարությունում քննարկումներ կան:
«Բայց նաև բովանդակային որոշակի փոփոխություններ պետք է անենք, որ չստացվի, թե մեր սիրելի թոշակառուներին կամ նրանց թոռնիկներին մղում ենք ավելի շատ ծխելու: Մեր նպատակադրումն այն է, որ նրանք ոչ միայն ավելի քիչ ծխեն, այլ նաև ընդհանրապես չծխեն ու առողջ ապրելակերպով ապրեն»,–ասաց Փաշինյանը: