Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Փարիզի հեղինակավոր Ֆիլեքս նամականիշների տոնավաճառին
Մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Փարիզի հեղինակավոր Ֆիլեքս նամականիշների երկամյա տոնավաճառին՝ հանդես գալով որպես 2024 թվականի թողարկման պատվավոր հյուր։ Ֆրանսիական փոստային ընկերության կողմից անցկացվող այս տոնավաճառի շրջանակներում Հայփոստ ընկերությունը կներկայանա առանձին տաղավարով՝ ցուցադրելով Հայաստանի տեսարժան վայրերը և հայոց այբուբենը պատկերող հայկական ֆիլատելիայի լավագույն նմուշներն ու հավաքածուները։
Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, տոնավաճառի շրջանակներում գեղաթերթիկների և նամականիշների ներկայացման և դրանց մարման հանդիսավոր արարողությունների միջոցով կմեծարվի նաև հայազգի երեք խոշոր գործիչների՝ Դիմադրության շարժման առաջնորդ Միսաք Մանուշյանի, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի և անվանի երաժիշտ Միշել Լեգրանի հիշատակը։ Հայազգի մեծանուն գործիչներին նվիրված գեղաթերթիկներն ու նամականիշները թողարկվել են 2024 թվականի ընթացքում Ֆրանսիական փոստային ընկերության կողմից՝ նրանց հոբելյանները նշանավորող միջոցառումների կապակցությամբ։
Ֆիլեքս տոնավաճառի շրջանակներում Հայաստանի մասնակցությունն իրականացվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Ֆրանսիական փոստի ու Հայփոստի հետ սերտ համագործակցության արդյունքում: Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողության մեկնարկը նախատեսվում է մայիսի 30-ին, ժամը 11։00-ին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Հայփոստի տնօրեն Արայիկ Աբրահամյանի մասնակցությամբ։