Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով

Ժնև կատարած այցն Անահիտ Ավանեսյանն ամփոփել է գործընկերների հետ երկկողմ հանդիպումներով
Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ նախարարը քննարկել է մի քանի ոլորտներում համագործակցության ընթացքը`
բնակչությանը վարակիչ հիվանդություններից պաշտպանություն
դեղագործության ոլորտում համագործակցության խթանում
միջսահմանային արտակարգ իրավիճակների կառավարման ու վերահսկման նպատակով արագ արձագանքման բժշկական թիմերի սերտ համագործակցություն:
Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված դեղերի ապահովման հարցում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր:
Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ նախարարը ցավակցել է գործընկերոջը` Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան մյուս անձանց մահվան կապակցությամբ:
Ընդգծվել է հարևան երկրների հարաբերությունների բարեկամական և բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացնել առողջապահության ոլորտում միջգերատեսչական հուշագրով սահմանված կոնկրետ քայլեր: Քննարկվել են աշնանը Հայաստանում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները:
Բրազիլիայի առողջապահության նախարարի տեղակալ Կառլոս Գադելհայի հետ հանդիպմանը երկուստեք ներկայացվել են ոլորտային առաջնահերթությունները, որոնց մասով երկու երկրներում էլ համընկնումներ կան`
 ԱԱՊ օղակի բարելավում և ամրապնդում
 առողջության համապարփակ ապահովագրության ներդրում,
միջին բուժաշխատողների կարիքների լուծում:
Առանձնակի շեշտվել է դեղագործական ոլորտում փոխգործակցության ծավալումը։ Քննարկվել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի կետերը, որի հիման վրա մշակվում է գործնական ծրագիր։
Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովայի հետ հանդիպմանը Անահիտ Ավանեսյանը կարևորել է վերջին տարիներին Ղազախստանի առողջապահության նախարարության ձեռքբերումները` առողջապահության ոլորտի զարգացման գործում` ՏՏ֊ի գործիքակազմի միջոցով, և առաջարկել երկկողմ հարաբերություններով հաստատված կետերը խթանել ակտիվ շփումներով: Նաև բժշկագիտության ոլորտում համագործակցության առաջարկներ են քննարկվել: