Հեղեղումների հետևանքով Քարկոփ բնակավայրն ամբողջությամբ ջրածածկ է․ ՏԿԵ նախարար

Հեղեղումների հետևանքով Քարկոփ բնակավայրն ամբողջությամբ ջրածածկ է․ ՏԿԵ նախարար

Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքների տարբեր բնակավայրերում, Ալավերդի խոշորացված համայնքում, Տավուշի մարզի  Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան համայնքների տարբեր բնակավայրերում մի շարք ավերածություններ կան տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։

«Մասնավորապես, ամենամեծ ավերածությունը դիտվել է Ալավերդու Սանահին թաղամասում․ ունենք բազմաթիվ ջրածածկ տարածքներ, շենքեր-շինություններ։ Դեբեդ գետի հունով ներքև արդեն ամենամեծ վնասված բնակավայրը Քարկոփն է։ Ամբողջ գյուղը ջրածածկ է, ամբողջ գյուղը տարհանված է։ Միայն երեկ արդեն հնարավոր էր այնտեղ աշխատել։ Երեկ մոտ 30 փրկարար է աշխատել, այսօր մոտ 100 փրկարար է աշխատում»,- ասաց նախարարը։

Սանոսյանի խոսքով՝ շատ մեծ վնասներ կան Այրում կայարանում, երկաթգծի տարբեր կայարաններում և դեպի Բագրատաշեն ամբողջ գետի հունով այգիներ, շինություններ, հասարակական տարբեր օբյեկտներ վնասվել են։

«Վնասների մի մասը տեսանելի չէ, քանի որ բնակավայրը դեռ ջրածածկ է»,- հավելեց Սանոսյանը։