Հաստատվել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

Հաստատվել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը: Ըստ հիմնավորման՝ 2022 թ. մեկնարկած ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչներից է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրելու և վերլուծելու գործընթացը։

Համակարգը խթանիչ գործիք, է անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճշգրտության բարձրացման, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար, ինչպես նաև անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողական ծրագրերի մշակման և իրականացման համար։ Ներկայումս հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) գլխաքանակը համարակալված չէ: Ծրագիրը կնպաստի պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում՝ միջպետական և միջազգային համագործակցության, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցության շրջանակում տեղեկատվության փոխանակման, ստանդարտների տեղայնացման, ընթացակարգերի և չափանիշների ներդրման աշխատանքների իրականացմանը: Որոշմամբ նախատեսված է նաև միջոցառումների իրականացման համար, ըստ կենդանատեսակի, մեկ պայմանական գլխի հաշվարկման համար սահմանված գործակից։

Նախատեսվում է նաև անասնաբույժների շրջանում վերապատրաստման դասընթացների անցկացում, որն ուղղված է ռիսկի հաղթահարմանը՝ համապատասխան մասնագիտական գիտելիքի և հմտության բացակայությունը կարող է ռիսկային լինել միջոցառման իրականացման ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով ԽԵԿ–ի և ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ։ 2022 թ.-ին իրականացվել է ԽԵԿ-ի 163 137 գլուխ, 2023 թ.-ին՝ 428 081 գլուխ համարակալում և հաշվառում։ 2024 թ.-ին նախատեսվում է 195 400, 2025 թ.՝ 195 400, 2026 թ.՝ 195 400 հատ ԽԵԿ-ի համարակալում, և 2025 կամ 2026 թվականին՝ շուրջ 1 000 000, 2026 թ.՝ շուրջ 700 000 հատ ՄԵԿ-ի համարակալում։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը նաև արտակարգ իրավիճակների ժամանակ վնասի գնահատում իրականացնելու առումով: