Փրկարար ծառայության աշխատանքներն աղետի գոտում դեռ մեկ շաբաթ ինտենսիվորեն կշարունակվեն. Կամո Ցուցուլյան

Փրկարար ծառայության աշխատանքներն աղետի գոտում դեռ մեկ շաբաթ ինտենսիվորեն կշարունակվեն. Կամո Ցուցուլյան

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած բնական աղետի՝ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ցուցուլյանը նախ նշեց, որ այս պահին անհետ կորածներ չկան, զոհերի քանակն էլ (4) չի ավելացել, հետևաբար փրկարարներն այս պահին իրականացնում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ:

«Տավուշի և Լոռու մարզերում աղետի մասշտաբները շատ մեծ են, կան բազմաթիվ փլուզումներ, ջրալցումներ, ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների փլուզումներ, բազմաբնակարան շենքերի ու տների, հասարակական նշանակության շենք-շինությունների, պտղատու այգիների ջրալցումներ: Վնասվել են գազատար ու ջրատար համակարգերը: Այդուհանդերձ, վերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնցում մինչ օրս ներգրավվել է 791 փրկարար: Մեր աշխատակիցները մասնակցում են նաև Քարկոփ համայնքի, Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի և Թումանյան փողոցի մաքրման աշխատանքներին: Ջրահեռացման ու մաքրման աշխատանքները հատկապես Թումանյան փողոցում 90 տոկոսով ավարտվել են: Մնացած հատվածներում մաքրման աշխատանքները կավարտվեն մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասաց Ցուցուլյանը:

Նրա տեղեկացմամբ՝ մարդկանց տարհանման և կեցության հետ կապված խնդիրներ չկան: Եթե Սանահին-Սարահարթ թաղամասի տարհանման գոտում գտնվող 141 բնակիչները ցանկանան արդեն իսկ տարհանված 137 համաքաղաքացիների պես տեղափոխվել աջ ափ, փրկարարները նրանց կօգնեն: Նրանք պարզապես իրենց կամքով են մնում այնտեղ, չեն ցանկանում թեկուզ ժամանակավորապես թողնել իրենց տները, ուստի ճոպանների միջոցով ապահովվում են սննդով: Խողովակի միջոցով փրկարարները նաև ջուր են տեղափոխում նրանց: Այնտեղ փրկարարները «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների հետ աշխատում են գազատարի վնասված հատվածի վերականգնման ուղղությամբ: Շուտով կլուծվի նաև էլեկտրականության հարցը, թեև փրկարար ծառայությունն արդեն իսկ աղետի գոտի է տեղափոխել 120 կիլովատ հզորությամբ երկու գեներատորներ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում միացվել ցանցին:

Սանահին թաղամասում փրկարարները լուծում են նաև փոքր կամրջակներ կառուցելու հարցը, որպեսզի բնակչությունը կարողանա անխոչընդոտ ափից ափ տեղափոխվել: Միջոցներ են ձեռնարկվում նաև Ախթալա համայնքի համար փոքր կամուրջ կառուցելու ուղղությամբ: Ցուցուլյանի տեղեկացմամբ՝ այս պահին կա ընդհանուր առմամբ 441 տարհանված քաղաքացի, որոնցից 42-ը Տավուշի մարզում են, մնացածը Լոռու մարզում: 44 մարդ գտնվում է Ալավերդի քաղաքի հյուրանոցներում, ապահովված են անհրաժեշտ պարագաներով:   

Մարզպետարանն օրվա մեջ մեկ անգամ հաղորդակցությունից կտրված բնակավայրերի բնակիչներին տրամադրում է բավականաչափ սնունդ, թեև անհրաժեշտության առաջացման դեպքում մատակարարումների պարբերականությունը ցանկացած պահի կարող է ավելանալ: Վարչական ղեկավարները թեև հավաստում են, որ սննդի հավելյալ պաշարների կարիք մարդիկ չունեն, բայցևայնպես, մատակարարումները չեն ընդհատվում: 

«Թեև սկզբնական փուլում ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը բավարար են, բայցևայանպես ՀՀ կառավարությունը Տավուշի և Լոռու մարզերը հայտարարել է աղետի գոտի, դա նշանակում է, որ այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների գործընկերները ևս կարող են ընդգրկվել վերականգնողական աշխատանքներում: Փրկարար ծառայության աշխատանքները դեռ մեկ շաբաթ կշարունակվեն, իսկ հետո արդեն համապատասխան տեխնիկայի միջոցով մասնագիտացված կառույցների միջոցով կտարվեն վերականգնողական բնույթի աշխատանքներ: Օպերատիվ շտաբը դեռ տևական ժամանակ կշարունակի գործել, քանի որ պետական ենթակառուցվածքների վերակառուցումը կպահանջի երկար ժամանակ: Գետում ջրի մակարդակի նվազումից հետո կսկսվեն նաև գետի հունի մաքրման և պատնեշների վերականգնման աշխատանքները, քանի որ ափապաշտպան պատնեշները գրեթե ամբողջությամբ քանդվել են», - նշեց Ցուցուլյան: 

Մանվել Մարգարյան