Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են բազմաթիվ կամավորներ

Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են բազմաթիվ կամավորներ

Ալավերդի քաղաքում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին աշխուժորեն ու պատրաստակամությամբ մասնակցում են նաև բազմաթիվ կամավորներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ալավերդու համայնքապետի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, ով համակարգում է նաև կամավորների աշխատանքը, նշեց, որ աղետից հետո հենց առաջին օրը մարդիկ մեծ խմբերով սկսել են ներգրավվել վերականգնողական աշխատանքներում: 

«Արդեն ավելի քան 700 կամավոր աշխատում է տարբեր հատվածներում: Նրանց այսօր ավելացել է ևս 100 կամավոր: Ժամանողներն առնվազն երկու օր աշխատում են մեզ հետ: Ամեն օր 250-300 կամավորներ ինտեգրվում են ընթացիկ աշխատանքներում: Օրեր են եղել, որ նրանց թվաքանակը հասել է 400-ի: Խմբեր են եղել Վանաձորից, Երևանից և այլ  համայնքներից: Թալինի համայնքապետն իր աշխատակազմով մեզ միացել է երեկվանից: Մեզ հետ աշխատում են նաև միջազգային տարբեր կազմակերպություններ, ՀԿ-ներ և մասնագիտացված կառույցներ: Կամավորները մեծամասամբ ներգրավված են մաքրման աշխատանքներում: Հիմնականում մաքրում են վնասված խանութները, ավտոկայանատեղիները, շենքերի առաջին հարկերի բնակարանները: Որոշ մասն էլ ներգրավվել է կոմունիկացիաների վերականգնման աշխատանքներում», - նշեց Ձավարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ կամավորների մի մասը կենտրոնացվել է Ալավերդու մարզադպրոցում, որը ժամանակավորապես կատարում է պահեստի գործառույթներ: Կամավորներն օգնում են դատարկել բեռնատար մեքենաները, օգնում են բարձել բեռները և ուղարկել տարբեր ուղղություններով: Մի մասն էլ ներգրավված է տեղում համայնքապետարանի աշխատակազմի կողմից նախաձեռնվող աշխատանքներում: Օգնում են նաև սննդի փաթեթների պատրաստման գործում:

«Վաղը նախատեսում ենք Դեբեդ գետի երկայնքով, իհարկե, ոչ վտանգավոր հատվածներում, մաքրման աշխատանքներ իրականացնել: Բարեբախտաբար կան ՀԿ-ներ, որոնք որոշակի փորձառություն ունեն: Օրինակ՝ «Կարմիր խաչը» հենց առաջին օրվանից մեզ հետ է: Այդ կազմակերպության հետ համատեղ աշխատանքները դարձել են ավելի արդյունավետ»,- ասաց Ձավարյանը:  

Ալավերդիում հանդիպեցինք կամավորների մի խմբի, ովքեր ներկայացնում էին Երևանի պետական բժշկական համալսարանը: Ուսումնական հաստատության տնտեսական աշխատանքների վարչության պետ Սամվել Բարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ռեկտորը ԿԳՄՍ նախարարի հրահանգով կազմել է ուսանողներից ու վարչական աշխատողներից (թվով 79 հոգի) կազմված խումբ, որը երեկվանից մասնակցել է Սանահին թաղամասի տների ու բակերի մաքրման աշխատանքներին:

«Այսօր ևս կօգնենք բնակիչներին: Այս պահին բեռնաթափում ենք շաքարավազի պարկերով բեռնավորված մեքենան: Այստեղ սպասում են նաև այլուրով ու մակարոնեղենով բեռնված մեքենաների ժամանմանը: Ինչ հրահանգ ստանում ենք, կատարում ենք սիրով ու պատրաստակամությամբ: Մեզ հետ եկել են նաև բժիշկներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են մատուցել ծառայություններ», - ասաց Բարոյանը:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նախօրեին նույնպես անդրադարձել էր կամավորների հարցին՝ նշելով, որ բնական աղետի առաջին օրվա ընթացքում և մինչև երկրորդ օրվա կեսը կամավորների աջակցության կարիք չի եղել, որովհետև այնպիսի պատկեր էր, որ այդ գոտուն մոտենալու և աշխատանքներ ծավալելու հնարավորություն ուղղակի չկար, եթե կար էլ, ապա միայն տեխնիկան և հիմնականում փրկարարներն էին կարողանում աշխատել: Երկրորդ օրվա կեսից պլանավորվեց նաև կամավորներին ներգրավելու գործընթացն ու առաջին 50 կամավորները մասնակցեցին ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին:

Սանոսյանը նշեց, որ իհարկե, կա շատ աշխատանք, բայց պետք է կազմակերպված աշխատել, գործին կարող է աջակցել նույնիսկ ավելի քան 500 հոգի, բայց աշխատանքները նույն տեմպով, ծավալով ու արդյունավետությամբ առաջ չգնան, քան 200 հոգու պարագայում, այսինքն՝ կան որոշակի դժվարություններ և բարդություններ բակերում աշխատելիս, հետևաբար պետք է զգույշ աշխատել, որպեսզի մարդիկ չվնասվեն: Հաճախ անհրաժեշտություն է առաջանում աշխատել ցեխակույտերի մեջ, ինչը նույնպես պահանջում է զգուշավորություն, որպեսզի տարատեսակ վնասվածքներ չլինեն:

Կամավորների աշխատանքների համակարգումը հեշտ գործ չէ, ուստի օպերատիվ շտաբը փորձում է այնքան կամավորներ ներգրավել, որոնց աջակցության կարիքն իսկապես կա, և հնարավոր է նրանց գործունեությունն այնպես կազմակերպել, որ իրենց աշխատանքով իրոք օգնեն ու զերծ մնան հնարավոր վնասվածքներից:

Բարդ տեղերում աշխատում են գլխավորապես փրկարարները, համայնքային կոմունալ ծառայության, ՀՈԱԿ-ների աշխատողները: Տեղում միայն Ալավերդու ՀՈԱԿ-ի աշխատակիցները չեն, նաև մարզի այլ համայնքապետարաններն են իրենց աշխատակիցներին ուղարկել աղետի գոտի: Փորձ է արվում կամավորներին ներգրավել ավելի պարզ ու թեթև աշխատանքներում, ինչպիսիք են, օրինակ, սննդամթերքի փաթեթավորումը կամ մարդկանց առանձին տներում աջակցություն ցուցաբերելը:

Սանոսյանը հավաստիացրել էր, որ տեղի ուժերը բավարար են, ՆԳՆ փրկարար ծառայությունն ունի բավականաչափ ռեսուրսներ, որոնց քանակն անհրաժեշտության դեպքում կավելացվի, հետևաբար արտերկրից լրացուցիչ ուժեր ներգրավելու կարիք չկա:

Մանվել Մարգարյան