Հայաստանը բախվեց այնպիսի մեծ աղետի, որից ցանկացած երկիր ապահովագրված չէ. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Հայաստանը բախվեց այնպիսի մեծ աղետի, որից ցանկացած երկիր ապահովագրված չէ. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած բնական աղետի՝ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նշեց, որ Հայաստանը բախվեց այնպիսի մեծ աղետի, որից ցանկացած երկիր ապահովագրված չէ:

«Եթե մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետում ջրի մակարդակն ուներ 650 մետր խորանարդ վայրկյան թողք, ապա այսօր այն 102 մետր խորանարդ է, իսկ գետի մակարդակը մայիսի 30-ի դրությամբ իջել է շուրջ երկու մետրով: Ունենք մեծ ծավալի ենթակառուցվածքային վնասներ: Առկա է երկաթուղու մոտ երկու կիլոմետր հատված, որն ամբողջությամբ վնասվել է: 27 կիլոմետրի վրա ունենք տարբեր աստիճանի վնասված հատվածներ: Մեծածավալ վնասներ են կրել նաև ավտոմոբիլային ճանապարհները: Շուրջ քսան կամուրջներ կրել են այս կամ այն աստիճանի վնասվածքներ, իսկ դրանցից Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի կամուրջներն ամբողջությամբ վնասված են: Խաշթառակի կամուրջն ունի մեծ աստիճանի նստվածք և փակված է երթևեկության համար: Նստվածքը շարունակվում է: Հավանաբար օր-օրի կավելանա նաև կամրջի թռիչքային հատվածի թեքումը», - նշեց Վարդանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ կան մեծ ծավալի ջրային ենթակառուցվածքներ, ջրագծեր, պոմպակայաններ, որոնց մի մասը դեռ գտնվում է ջրածածկ վիճակում և դրանց վիճակն այս պահին ամբողջ ծավալով գնահատելն ուղղակի անհնար է: Այդ պատճառով ջրամատակարարումից զրկվել են որոշ բնակավայրեր: Որոշ տեղերում ջրի որակի հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով անջատվել է ջրամատակարարումը, բայց վթարավերականգնողական աշխատանքներն ամբողջ ծավալով ու բոլոր ուղղություններով իրականացվում են:

«Դիլիջան քաղաքում երեկվա դրությամբ ջրամատակարարումը վերականգնվել է ժամային գրաֆիկով, դեպի Ախթալա ջուրը տեղափոխվում է ջրի մեքենաներով: Հաղպատ գյուղն ամբողջությամբ ջրազրկվել է: Ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է Շնհող, Հաղթանակ, Դեղձավան, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Ձորական գյուղերում: Ջրամատակարարման վերականգնման ակտիվ աշխատանքներ են իրականացվում Մեծ և Փոքր Այրում, Լուսաձոր գյուղերում: Ունենք նաև վնասված էլեկտրական ենթակառուցվածքներ և գազամատակարարման խողովակաշարեր: Փուլ առ փուլ իրականացվում են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը վերականգնելուն ուղղված աշխատանքներ», - մանրամասնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Վարդանյանը ներկայացրեց նաև կամուրջների վիճակը: Ըստ այդմ՝ Սանահինն ու հարակից բնակավայրերն իրար կապող հետիոտնային կամուրջն ամբողջությամբ քանդվել է: Արդեն իսկ իրականացվել են ակնադիտական, գործիքային ուսումնասիրություններ, ավարտվել են գեոդեզիական բնույթի բոլոր աշխատանքները և այժմ մշակվում է կոնցեպտուալ էսքիզային նախագիծ, որպեսզի խնդրին լուծում տրվի:

«Հաջորդը Սանահին բնակավայրն աջափնյա տարածքին միացնող ավտոճանապարհային կամուրջն է, որը նույնպես քանդվել է: Նրա թռիչքային կառուցվածքն ամբողջությամբ վնասվել է, ուստի աշխատանքներ են իրականացվում կամրջի հենարանների ու թռիչքային կոնստրուկցիաների այնպիսի տեսակի ընտրության ուղղությամբ, որոնց տեղադրումը հնարավոր կլինի խիստ նեղ շինարարական հրապարակի պայմաններում: Այստեղ նույնպես ավարտված են գեոդեզիական, գործիքային ու ակնադիտական ուսումնասիրությունները: Քանդվել է նաև Ախթալայի կամրջի թռիչքային կառուցվածքի մի մասը: Հիմնական պատճառը ցածր նիշում գտնվելու հանգամանքն է: Որոշակի աշխատանքներից հետո  հետիոտնային անցանելիությունն ապահովվել է: Հաջորդը Շնհողի խաչմերուկի դիմացի կամուրջն է, որի հենարանները խարխլվել են: Քանդվել է աջակողմյան մոտեցման լիցքը: Այդտեղ նույնպես իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ, ավարտվել են տեղագրական աշխատանքները: Քարկոփի կամուրջն իր հերթին ամբողջությամբ քանդվել է: Տարածքում նույնպես ավարտվել են ուսումնասիրությունները», - մանրամասնեց Վարդանյանը:  

Նա հավելեց, որ աղետի գոտում աշխատում են մասնագիտացված չորս խմբեր, որոնք ուսումնասիրում են աղետի հետևանքով ջրալցված կամ ջրածածկ շենք-շինությունների տեխնիկական վիճակը: Առաջնահերթ ուսումնասիրվում են այն շինությունները, որոնք եղել են գետի ալիքների ուղիղ ազդեցության տակ: Զուգահեռաբար կիրականացվի նաև սեյսմակայունության ստուգում և վնասված շենք-շինությունների անձնագրավորում:     

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ջրհեղեղի հետևանքով տուժած համայնքներում շենք-շինությունները պատշաճ հեռավորության վրա էին գտնվում գետից և այդտեղ եղե՞լ են շինարարական նորմերի խախտումներ, Վարդանյանն ընդգծեց, որ ընդգրկուն ուսումնասիրությունների արդյունքում կստացվեն բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները, թե ինչպիսի նորմերի շրջանակներում են կառուցվել բնակելի ու հասարակական շենք-շինությունները:  

«Գետափնյա հատվածում կան բազմաբնակարան բնակելի շենքեր, որոնք կառուցվել են ավելի քան երեսուն տարի առաջ: Այն ժամանակ գուցե քաղաքաշինական նորմերն այդքան խիստ պահանջներ չէին ներկայացնում, ինչպես որ հիմա է: Այժմ գործող նորմերի համաձայն՝ շենքերը, կախված գետի հոսքից և դիրքից, պետք է կառուցվեն ափից առնվազն երեսուն մետր հեռու: Իսկ ինչ վերաբերում է սեյսմակայունության խնդրին, ապա այս պահին աշխատանքային խմբերում ներառված են տարբեր մասնագետներ, ովքեր զինված են անհրաժեշտ գործիքներով: Այսօր երեկոյան մի խումբ շենքերի ուսումնասիրությունը կավարտվի, և աշխատանքային խմբերը կներկայացնեն իրենց հաշվետվությունները համապատասխան եզրակացություններով: Ունենք նաև երկրաբաններ, ովքեր կգնահատեն հիմքի նստեցման կամ հնարավոր այլ երևույթների հետ կապված ռիսկերը, որոնց հիման վրա կներկայացնեն տարբերակված մոտեցումներ: Այն կառույցները, որոնք հանձնաժողովի եզրակացությամբ ենթակա կլինեն ամրակայման, ապա կլինեն առաջարկություններ, թե ինչ եղանակով դրանք ուժեղացվեն», - պարզաբանեց Վարդանյանը:

Մանվել Մարգարյան