Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն անդրադարձավ ջրհեղեղից վնասված ավտոմոբիլային ճանապարհների, մասնավորապես` միջպետական Մ6 մայրուղու վնասներին և վերականգնողական աշխատանքներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավետիսյանը նշեց, որ աղետից մեծապես տուժել են նաև ճանապարհային ենթակառուցվածքները: Միջպետական մայրուղիներին զուգահեռ ուշադրությունից չեն վրիպել նաև միջհամայնքային ճանապարհները:

«Տարերային աղետից հետո անմիջապես արձագանքեցինք ստեղծված իրավիճակին: Նախ Դիլիջանից դեպի Գոշ գնացող հատվածում երթևեկությունը կարճ ժամանակ անց վերականգնվեց: Երեք հատվածներում այս պահին ունենք միակողմանի երթևեկություն, արագ արձագանքման արդյունքում իրականացվել են շեպերի ամրացման աշխատանքներ: Միջպետական Մ4 ճանապարհի վնասված հատվածները գույքագրել ենք, ունենք շուրջ 10 կետ, որտեղ եղել են փլուզումներ: Այդտեղ ճանապարհային հատվածը ջրհագեցված է, հնարավոր են մեկ-երկու հավելյալ փլուզումներ: Նախնական գնահատականների համաձայն՝ Աղստև գետի մակարդակը բավականին իջել է: Այդ հատվածում շատ շուտով նույնպես կմեկնարկեն շինաշխատանքները: Մ6 միջպետական ճանապարհին կա բավականին մեծ հատված՝ 2,5 կիլոմետր երկարությամբ, որտեղ շուրջ 43 կետերում նույնպես եղել են փլուզումներ: Բարեբախտաբար, վերջին տարիներին Մ6 մայրուղու հիմնանորոգման արդյունքում ոչ մի կամուրջ չի տուժել», - նշեց Ավետիսյանը:

Նրա տեղեկացմամբ` հիմնական վնասներն արձանագրվել են Ձորագետից մինչև Բագրատաշեն տանող ճանապարհին, որտեղ եղել են հենապատերի և նախկինում գոյություն ունեցած շեպերի փլուզումներ: Այս պահին դեպերտամենտի մասնագետները 43 կետերում իրականացնում են գույքագրում: Թվերը կարող են փոփոխվել, քանի որ ջրի մակարդակը դեռ թույլ չի տալիս լիարժեք չափագրումներ իրականացնել: Մայիսի 27-28-ին միջպետական ճանապարհի շուրջ երեք կիլոմետր երկարություն ունեցող հատվածը գտնվում էր ջրածածկույթի տակ: Կան հատվածներ, որտեղ ջրի մակարդակը երթևեկելի մակերեսից բարձր էր երկու մետրով:

«Բագրատաշենի հատվածում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվեց մայիսի 28-ին: Հասկանալով այդ անցակետի կարևորությունը՝ մենք հնարավորինս շուտ վերականգնեցինք այդտեղ տանող ճանապարհը: Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են նաև կամուրջները: Օրինակ՝ Ախթալայի կամրջի պարագայում տվել ենք ժամանակավոր լուծում: Ջրի հարվածներն այնքան ուժեղ են եղել, որ կամրջի ներքևի երկաթե կոնստրուկցիաները ծռվել են: Տեղի շինանյութերով կառուցել ենք հետիոտնային անցում: Առաջիկայում կմեկնարկեն շինաշխատանքները, քանի որ այդ կամրջից հետո կա ճանապարհի 400 մետր երկարությամբ փլուզված հատված: Մ6 մայրուղու վրա աշխատում է բավականին մեծ քանակի շինտեխնիկա: Նախորդ օրերին ճանապարհի երթևեկելի հատվածները մաքրվել են տիղմից ու ցեխակույտերից: Շինաշխատանքներ են ընթանում մասնավորապես Թուֆենկյան հյուրանոցի հատվածում: 38 կիլոմետրում կա մոտ 300 մետր երկարությամբ հատված, որը նույնպես ամբողջությամբ վնասվել է, քանի որ գետի հունը տեղափոխվել է երթևեկալի հատվածի վրա: Այդտեղ նույնպես մեկնարկել են շինաշխատանքները, որոնք կավարտվեն հնարավորինս շուտ: Բարեկարգել ենք դեպ Ալավերդի տանող շրջանցիկ ճանապարհը, որը քաղաքի հետ կապում է Դսեղ, Մարց և Աթան գյուղերը: Ալավերդիից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհը թեև բաց է բոլոր տեսակի մեքենաների համար, սակայն հորդորում ենք այդ ճանապարհից դեռ չօգտվել, քանի որ իրականացվում են շինաշխատանքներ», - ասաց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ Մ6 մայրուղու խնդրահարույց մի քանի հատվածներում նոր կառուցված հենապատերը չեն տուժել: Դեպարտամենտն իր առջև նպատակ է դրել առաջիկա օրերին որոշ հատվածներում հողագրունտով ապահովել միակողմանի երթևեկություն, իրականացնել լիցքի աշխատանքներ: Մեկ-երկու օրվա ընթացքում շինաշխատանքներն այդ հատվածներում կավարտվեն: Առաջիկա շաբաթվա ընթացքում կկատարվի գույքագրում, որպեսզի պարզվի ընդհանուր վնասի չափը: Ավետիսյանի հավաստմամբ՝ ճանապարհային դեպարտամենտը համագործակցում է ոչ միայն տեղի, այլև միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Կա որոշակի մասնագիտական ռեսուրսի խնդիր հատկապես կամուրջների մասով, իսկ միջպետական Մ6 մայրուղու վնասված հատվածները հնարավոր է ամբողջությամբ վերակառուցել տեղի ռեսուրսների հաշվին:     

«Քանի որ ուշադրության կենտրոնում է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը, ապա նշեմ, որ աշխատանքները հետ չեն ընկել և այդ հատվածից ոչ մի տեխնիկա չի տեղափոխվել Մ6 մայրուղի, որտեղ գլխավորապես աշխատում են ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատակիցները, ովքեր ունեցել են ազատ ռեսուրս: Վստահեցնում եմ, որ նախապես մեր կողմից մեկնարկած ճանապարհաշինարարական ծրագրերը չեն տուժի այս աղետից: Եթե լինի լրացուցիչ այլ աշխատանքների կարիք, ապա մենք ունենք հավելյալ ռեսուրսներ, որոնք կուտակել ենք վերջին տարիներին: Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները՝ համագործակցելով մարզպետարանի գործընկերների հետ», - եզրափակեց Ավետիսյանը:

Մանվել Մարգարյան