Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար

Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար

Ջրհեղեղից զգալիորեն տուժած Ալավերդի քաղաքը մայիսի 31-ին ընդունեց ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան 40 անդամների, ովքեր շրջայց կատարեցին համայնքի վնասված հատվածներում և անմիջականորեն ծանոթացան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար և օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ են եղել արտասահմանյան գործընկերների հետ:

«Նրանց ցույց տվեցինք ընդամենը մի քանի տարածքներ, սակայն միայն երեք-չորս վայրեր այցելելն արդեն իսկ բավարար էր, որպեսզի մեր արտասահմանյան գործընկերները տեսնեին աղետի իրական մասշտաբները, տուժած ոլորտները, ենթակառուցվածքները: Ունեցանք որոշակի քննարկումներ, մեզ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիվանագետները նախապես ունեին որոշակի մտքեր և արդեն տեղում պետք է դիտարկեին ընթացիկ աշխատանքները, մեր կարիքները: Միասին քննարկեցինք թե՛ առկա իրավիճակը, թե՛ անելիքները, թե՛ սպասելիքները», - նշեց ՏԿԵ նախարարը::

Սանոսյանը հավելեց, որ արտերկրի տարբեր գործընկերներից լսել են մեզ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին թե՛ մասնագիտական, թե՛ փորձագիտական, թե՛ այլ ուղղություններով: Ըստ նրա՝ դիվանագետները նախապես գուցե լավ չէին պատկերացնում աղետի իրական մասշտաբները, սակայն երբ այցելեցին աղետի գոտի, բնականաբար արեցին հետևություններ, որոնցից կարող են ծնվել աջակցության որոշակի ծրագրեր:

«Այդ աջակցությունը կարող է արտահայտվել տարբեր կերպ՝ սկսած փորձագետներ տրամադրելուց, վերջացրած գույքագրման աշխատանքներով: Գույքագրումը բազմաշերտ է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Շահառուները շատ են, որովհետև բավականի մեծ է վնասված մասնավոր գույքի ծավալը: Զգալիորեն վնասվել է նաև համայնքային պատկանելության գույքը, հետևաբար մենք տարատեսակ աջակցության, այդ թվում ֆինանսական օգնության կարիք կունենանք: Բացի վերականգնողական աշխատանքներ իրականացնելուց, մենք ենթադրաբար պետք է նաև արտոնյալ ծրագրեր իրականացնենք աղետի գոտում բիզնեսի խրախուսման, գյուղատնտեսության խթանման ուղղությամբ: Դա կօգնի մարդկանց ոտքի կանգնել և վերստին ծավալել իրենց բիզնես գործունեությունը»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ իրենք փորձում են աշխատանքներին տալ հետևյալ տրամաբանությունը: Բացի այն, որ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որն աշխատում է արտակարգ ռեժիմով և համակարգում է ինչպես Լոռու, այնպես էլ Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքները, գործառույթներից մեկն էլ ամեն ինչ արձանագրելն ու հանրապետական հանձնաժողովին փոխանցելն է:

«Քանի որ Տավուշի և Լոռու մարզերը հայտարարվել են աղետի գոտի, այդ դեպքում մեր իրավական կարգավորումներով գործում է հանրապետական հանձնաժողով, որը ղեկավարում է ՆԳՆ-ն և այնտեղ ընդգրկված են մի շարք գերատեսչություններ՝ հիմնականում փոխնախարարների կարգավիճակով: Հանրապետական հանձնաժողովն իր հերթին փորձում է մշակել համապատասխան կարգավորումները՝ հասկանալու, թե արտասահմանյան որևէ երկրից կամ միջազգային գործընկեր կազմակերպություններից ինչպիսի ակնկալիքներ կարող են լինել», - ասաց Սանոսյանը: 

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան